Վիգեն Սարգսյան. Երեխաների մասնակցությունը նման գործընթացներում անթույլատրելի է
«Այս գործընթացներում մանկահասակ, դպրոցական երեխաների, անչափահասների ներգրավումը, իրոք, կարմիր գիծ է»,-լրագրողների հետ ընթացող հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ պարագայում ինքը երեք խնդիր է տեսնում.
«Նախ ֆիզիկական անվտանգության խնդիրը. այս երթերն անցկացվում են փողոցների երթևեկելի մասով, շատ հաճախ մեքենաների բռնի արգելափակմամբ, տեղաշարժը խանգարելով, և այլն: Յուրաքնչյուր վայրկյան մտքումս աղոթում եմ, որևէ մեկի նյարդերը տեղի չտան ու ոտքը արգելակի փոխարեն գազին չսեղմի, որովհետև նման լարվածության մեջ հնարավոր բան է»:
Նախարարի խոսքով, ծնողը, որ երեխային բերում է դպրոց, իրավունք ունի դպրոցից ակնկալել դասերի ավարտին նույն դպրոցից վերցնել երեխային ու տուն տանել, ծնողը բացարձակ պարտավոր չէ քաղաքում իր երեխային փնտրել ու պարզել, թե որտեղ է նա հայտնվել:
Հաջորդ խնդիրը գաղափարական ու բարոյական մակարդակն է. «Այս օրերին շատ ենք տեսնում, երբ երեխային կանգնեցնում են տեսախցիկի առջև կամ բեմահարթակին ու շատ ոգևորությամբ են ընդունում, երբ մանկահասակ երեխան փորձում է զուգահեռներ անցկացնել միտինգի մասնակցի ու Մոնթե Մելքոնյանի միջև, թեև ոչ Մոնթե Մելքոնյանին լիարժեք գիտի կամ էլ կարող է լիարժեք գնահատել այդ առաջնորդին: Ենթադրենք, երբ երեխան կոչերով դիմում է՝ խաղարկելով, ոստիկան, միլիցա եզրույթները: Սա պատիվ չի բերում ոչ մեկին: Ես կարծում եմ, որ երեխաների ներգրավվածությունը կարմիր գիծ է, անընդունելի է»:
Հարցին, թե ինչ է կատարվելու, երբ բանակ զորակոչվեն քաղաքացիական անհնազանդության միջոցառումների մասնակից երիտասարդները, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ դրանք էլ քաղաքացիական կրթության մի մասն են, այլ հարց է, թե ինչ գին է դրա համար վճարվում:
«Ես երբեք չեմ հայտարարել, որ բանակ պիտի գա չկայացած մարդ ու բանակում կայանա: Ես ընդամենը ասում եմ, որ բանակը պետք է միջոց լինի լրացուցիչ հնարավորություններ տալու՝ կրթության, կոփվելու, ֆիզիկական պատրաստվածության, ամենատարբեր ուղղություններով: Այո, ես ասում եմ, որ չի կարելի ծածկվել նրանով, որ բանակը հասարակության հայելին է ու ինչ խնդիր կա հասարակությունում, այն էլ պետք է լինի բանակում: Բանակն ունի հրամանատարներ, ընթացակարգեր, այն պետք է լինի ոչ թե հայելին, այլ մեկ քայլ առաջ՝ դարբնոցն ու դպրոցը»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է երիտասարդ քաղաքացիների հետ շփումներին, ապա ըստ կառավարության ներկայացուցչի. «Մենք բացարձակապես բացակայում ենք այդ տարիքի մեր քաղաքացիների կոմունիկացիոն դաշտից, նրանց մեծ մասը հեռուստանորություններ չեն նայում, թերթեր չեն կարդում, տեղեկատվական կայքեր շատ չեն հաճախում: Մի բան, որ պետությունը՝ հատկապես բանակը պետք է սովորի անել, նրանք պետք է այդ կոմունիկացիոն դաշտում հայտնվեն, թե ինչ գործիքակազմով, ինչպես, դա պետք է հասկանանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան