Նա արեց դա, որ բացառի գեթ մեկ հայի արյունը. Տիգրան Ներսիսյան
«Սերժ Սարգսյանի հրաժարականը համարում եմ ճիշտ քայլ, նա արեց դա, որ բացառի գեթ մեկ հայի արյունը»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:
Դերասանի խոսքով, Սերժ Սարգսյանը հասկացավ, որ հայ ժողովրդի, երիտասարդության պահանջը, ցանկությունն այն է, որ համակարգում փոփոխություններ լինեն:
«Ժողովուրդը ցանկանում է ապրել ուրիշ համակարգում, ուրիշ երկրում, իսկ թե որ երկրում, դա մենք դա շատ լավ գիտենք: Ուստի Սերժ Սարգսյանը հասկացավ, որ այլ քայլ լինել չի կարող, հակառակ դեպքում այդ քայլերը կհանգեցնեին արյունահեղության, կբերեին մեծագույն խնդիրներ: Սա գիտակցելով՝ նախկին վարչապետը գնաց այդ քայլին»,- ընդգծեց նա:
Միաժամանակ Տիգրան Ներսիսյանն ասաց, որ սա փոփոխությունների սկիզբն է, այսինքն՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ունենանք իրավական, արդար, ազատ երկիր:
«Մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում, և փառք Աստծո, որ ճանապարհի սկիզբն այսպիսին է՝ մի կաթիլ արյուն չթափվեց: Հրաշալի է, որ մենք այսպիսի երիտասարդություն ունենք, ուղղակի բառեր չեմ գտնելու ասելու նրանց: Այն, որ ասում էին՝ երիտասարդությունը քնած է, հուսահատության մեջ է, մենք հակառակը տեսանք: Մենք ունենք մեծ ներուժ: Իսկ այն մարդիկ՝ բաշիբոզուկները, որոնք հենց այս օրերին անօրինությունների հրահանգներ էին տալիս, որոնք դիմակներով խփում էին խաղաղ ուսանողներին, կանանց, աղջիկներին, մեր երիտասարդությունը դրանց դիմակայեց և ցույց տվեց, որ ուժեղ ենք և մենք կապրենք այն հայրենիքում, որի մասին երազել են մեր հայրերը, երազում են մեր երեխաները»,- ասաց Տիգրան Ներսիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կամքի միջոցով կարելի է հասնել շատ մեծ բարեփոխումների. Բաբայան
- Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին
- Պետք է հասկանալ իրար և խաղաղ ճանապարհով հանգուցալուծման գնալ. Միլիտոնյան
- «Ամեն ինչ կարելի է հասկանալ, հարթել, ուղղել և միասնական առաջ գնալ»
- «Նիկո՛լ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն». Երվանդ Ղազանչյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան