«Ներքին անկայունությունը ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի՝ գործողություններ ձեռնարկելու համար»
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջնագծում տիրող իրավիճակին: Նա հիշեցրեց, որ արդեն իսկ եղել է թե հաղորդագրություն, թե տեսանյութ:
«Հուսով եմ՝ ոչ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող էր կեղծ լինել, հուսով եմ՝ յուրաքանչյուրդ հասկանում եք, որ հակառակորդը ամեն վայրկյան հետևում է մեզ մոտ կատարվող իրադարձություններին: Նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չէ ունենալ՝ հասկանալու, որ առկա մարտահրավերների պարագայում հակառակորդի՝ իր առջև դրած խնդիրների տեսանկյունից մեր ներքին անկայունությունը ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից գործողություններ ձեռնարկելուն»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ չի կարծում, թե ՊՆ կոլեգիայի հայտարարությունն այդ առումով մեծ բացահայտում է, բայց ընդգծեց՝ իրենք պարտավոր են որպես պետական կառավարման մարմին ևս մեկ անգամ հիշեցնել այդ մասին: Նախարարի խոսքով՝ դա չի փոխում որևէ մեկի՝ ինքնուրույն որոում կայացնելու իրավունքը, դա չի փոխում իրենց պարտավորությունը՝ շարունակել կատարել իրենց պարտքը սահմանի վրա՝ նույնիսկ երկրի ներսում ծայրահեղ իրավիճակի դեպքում, բայց իրենք չէին կարող հասարակությանը չզգուշացնել այդ վտանգների մասին: Սարգսյանը նաև թվարկեց այդ վտանգները:
Դրանցից առաջինն, ըստ նախարարի, ռիսկայնության աստիճանի բարձրացումն է. եթե կան գործընթացներ, որոնք քեզ ներսում զբաղված են պահում, ապա հակառակորդը դրանից օգտվում է:
Երկրորդ վտանգն այն է, որ եթե արգելափակված է պետական կառավարման համակարգը, որի փորձն, ըստ նախարարի, այս ակցիաների կազմակերպիչները բացահայտ հայտարարում են, ապա ակնհայտ է, որ պաշտպանական գործառույթը բարդանում է, իսկ այդ գործառույթը անհրաժեշտության դեպքում պետությունը խաղաղից պատերազմական վիճակի տանելն է, որը բարդ միջոցառումների ամբողջություն է:
«Ռեսուրսների կառավարման խնդիր կա, այսինքն՝ ենթադրենք ԱԳՆ շենքը արգելափակված է, ոնց եք կարծում՝ դա պաշտպանունակության գործին խանգարու՞մ է, թե՞ նպաստում: Պատերազմական վիճակի անցնելու, լարվածության պարագայում գործողությունների մեջ կարևոր է զորահավաքային աշխատանքը, զինկոմիսարիատները պետք է կարողանան աշխատել քաղաքացիների հետ: Եթե այս իրավիճակում ՊՆ կոլեգիան լռեր, դա պետք է ահազանգ լիներ, որ մենք ինչ-որ բան թերի ենք անում»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ ՊՆ խստիվ դատապարտում է բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը
- Վիգեն Սարգսյան. Մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ոչ հիմա, ոչ էլ հետագայում
- Վիգեն Սարգսյան. Երեխաների մասնակցությունը նման գործընթացներում անթույլատրելի է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան