Ողջունելի է, որ այլ բաներ չստացվեցին, արյուն չթափվեց. Մանվել Գրիգորյան
Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը ողջունում է Սերժ Սարգսյանի՝ պաշտոնից հրաժարվելու որոշումը, այն համարում անկանխատեսելի հետևանքներից խուսափելու խելամիտ քայլ: Հարցին՝ սպասելի՞ էր նման բան, նա պատասխանեց.
«Էս երկրում ինչ ասես սպասելի է, միշտ էլ նման բաներ եղել են՝ իշխանափոխություն և այլն, էս երկիրը ժողովրդինն է, ժողովուրդը ոնց որոշում է, այդպես էլ պիտի անի: Համենայն դեպս, ժողովրդի կամքն էր ու շատ ողջունելի է, որ ժողովուրդն էլ, իշխանությունն էլ կարողանում են երկխոսության գնալ, ողջունելի է, որ այլ բաներ չստացվեցին, արյուն չթափվեց»:
Իշխող մեծամասնության՝ ՀՀԿ-ի հետ հետագա աշխատանքի մասին հարցին արձագանքելով՝ Գրիգորյանը նշեց, որ ինքն առաջին հերթին սահմանում կանգնած զինվորի հետ է աշխատում, Արցախի և ժողովրդի, միայն 28 հազար պատանի երկրապահ ունեն: «Ես ո՞վ եմ, որ չաշխատեմ»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանության մասին որևէ տեղեկություններ ունի՞: Գրիգորյանն ասաց, որ մանրամասներն իրեն հայտնի չեն, բայց տեղյակ է, որ հարբած մի խումբ գնացել է քաղաքապետարանի մոտ:
«Ոչ թե շարժման ժողովուրդն են եղել, այլ «ճոյտականներ», հարբած, գնացել են, ապրիլյան պատերազմի մասնակից, զինվոր տղուն... ասում են՝ այդ տղան թույլ չի տվել, դրանք էլ դանակով, մեկը սիրտն է խոցել, մեկը թոքը»,- նշեց նա:
ԵԿՄ նախագահը հորդորեց՝ հարցերը լուծել օրենքի դաշտում, չդիմել նման քայլերի: Նրա խոսքով՝ եթե ինչ-որ մեկն այսօր փորձի ինչ-որ բան կոտրել, փչացնել, վնաս տալ երկրին կամ չաշխատի, իր պարտականությունները չկատարի, թշնամի է:
«Աստծուն փառք, Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ, թիմ էլ ունի, կարող ա խոսա էլ, ժողովրդին հանի էլ, էդ ով ում է ջարդում, ոչ մեկին չի կարելի, թող դնեն, օրենքով, ամենքը իրենց գործն անեն»,- ասաց նա:
Արտահերթ ընտրություններին անդրադառնալով՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ ինքը երկրապահի անունից ներկայացուցչություն է ունեցել, ՀՀԿ-ն իր անունը ցուցակում գրել է, գնացել է:
«Եթե ընտրություն է, կտանեն, ուրեմն կգնանք: Ես ՀՀԿ խմբակցության մեջ եմ, բայց անդամ չեմ, ես երկրապահ եմ», - ասաց նա:
Սերժ Սարգսյանի հրաժարականի պատճառներին անդրադառնալով՝ նա նշեց, որ այդ քայլին գնալ ստիպեց նախկին վարչապետի խելամտությունը: Նա, ըստ Գրիգորյանի, չկրկնեց նախորդ երկու նախագահների սխալները:
«Սաղս պիտի Սերժին ողջունենք, նա էնքան խելացի մարդ էր, հարգող ժողովրդին, երկիրը, պետությունը, Արցախը, խոսքի կարող էր փորձեր ուժ կիրառել, տեսաք՝ ինչ խելամիտ որոշում ընդունեց, ասեց ժողովրդի վլաստն է, հետ տվեց իրան»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այսօրվա և վաղվա անելիքները
- Ռուսական մամուլ. Սերժ Սարգսյանը իմաստուն որոշում է կայացրել
- Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան