ԱՄՆ դեսպան. Սերժ Սարգսյանը, լսելով ժողովրդին, կայացրեց դժվար որոշումը
«Հիմա բոլոր հայերի համար ամենակարևորն այն է, որ խաղաղ միջավայրում գան ընդհանուր հայտարարի և կարողանան որոշել իրենց հետագա անելիքները: Ես դրական եմ տրամադրված այն առումով, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը, եթե միասնական լինի»,- Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել ժամանակավոր վարչապետի ու կառավարության հետ առաջիկա շաբաթվա ընթացքում:
«Պատրաստ ենք շարունակել աշխատել Հայաստանի կառավարության հետ»,-ասաց դեսպանը:
Ամերիկացի դիվանագետը գովեստով խոսեց Հայաստանի ժողովրդի, ոստիկանության ու հրաժարականի որոշում կայացրած Սերժ Սարգսյանի մասին:
«Ուզում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ու ժողովրդի անունից գովեստի խոսքեր ասել Հայաստանի ժողովրդի մասին՝ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղ ու արժանապատիվ կերպով իրենց բողոքի ակցիաներն իրականացնելու համար:
Ես ուզում եմ նաև գովեստի խոսքեր ասել ոստիկանության ու անվտանգության ուժերի մասին, ովքեր վերջին 7-10 օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն ու արհեստավարժություն:
Եղել են արժանահավատ հաղորդումներ լրագրողների ու ցուցարարների նկատմամբ բռնության որոշ դրսևորումների մասին, անհրաժեշտ է, որ այս դեպքերի վերաբերյալ քննություն իրականացվի ու մեղավորները պատժվեն օրենքի համաձայն:
Ես ուզում եմ նաև գովեստով արտահայտվել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա առաջնորդության մասին, ով լսելով ժողովրդին, կայացրեց հրաժարական տալու դժվար որոշումը»,-ասաց դեսպան Միլսը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանին
- ԱՄՆ դեսպանատուն. Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն
- ԱՄՆ Պետքարտուղարություն. Մեզ ոգևորում է Երևանում ցուցարարների ու ոստիկանության վարքի դրսևորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան