Արա Բաբլոյան. Առավել քան վստահ պետք է նայենք ներկային և, որ ամենակարևորն է, ապագային
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
այսօր Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: 1915 թվականի եղեռնագործությունից հետո անցած ավելի քան մեկ դարը միաժամանակ ոգեկոչման ու հաստատակամության ժամանակաշրջան է, որը դրսևորում է մեր ժողովուրդը` փաստելով, որ մեզ անհնար է հաղթել նույնիսկ ցեղասպանությամբ:
Հայաստանն այսօր ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է: Մենք հիշեցնում և նախազգուշացնում ենք քաղաքակիրթ աշխարհին, որ մարդկային գենոֆոնդի դեմ ուղղված հանցագործությունները` ի դեմս Հայոց ցեղասպանության, ծանրագույնն են մարդու կյանքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների շարքում: Ավելի քան 100 տարի առաջ գուցե աշխարհում այնքան չարության ու ատելության կուտակում չկար, որքան մեր օրերում է, սակայն աշխարհի անտարբերությունն այն ժամանակ հանգեցրեց միլիոնավոր մարդկային զոհերի, ովքեր ցեղասպանվեցին կամ իրենց բնօրրաններից բռնի տեղահանվեցին ազգային պատկանելության` հայ լինելու պատճառով:
Այսօր միջազգային հանրությունից պահանջվում է ոչ միայն անտարբեր չլինել, այլև կանխարգելիչ ու պատժիչ քայլեր կատարել բոլոր նրանց նկատմամբ, ում հոգեբանության, մտածելակերպի ու գործունեության հիմքում ատելությունն է այլոց հանդեպ, ում գիտակցության մեջ, որպես պետություն կամ անհատ, ժխտողականությունը Հայոց ցեղասպանության հանդեպ շարունակում է տիրապետող մնալ: Այլապես ցեղասպանությունը` որպես չդատապարտված ու մերժելի մեծագույն հանցագործություն, որպես ողբերգություն, շարունակելու է տեղ գտնել նաև մերօրյա իրականության և աշխարհի նորագույն պատմության մեջ:
Սիրելի հայրենակիցներ,
որևէ մեկն ի զորու չէ փոփոխել անցյալը, բայց մենք պարտավոր ենք հետ նայել` երբևէ չմոռանալու 1915թ. ողբերգությունը, ոգեկոչելու մեր սրբադասված նահատակներին: Սակայն մենք առավել քան վստահ պետք է նայենք ներկային և, որ ամենակարևորն է, ապագային: Նայենք ու գործենք վճռականությամբ, հաղթենք ու հզորանանք` մեզանով իսկ խորհրդանշելով վերածնունդը և երբեք չխամրող հիշողությունը:
Ապրիլի 24-ը մեզ միաժամանակ հիշեցնում է մեր մեծագույն կորուստների և այն մասին, թե որքան ամուր, անկոտրում և կենսունակ ենք մենք: Ուստի, մշտապես վառ պահելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` պարտավոր ենք ունենալ ավելի ուժեղ Հայաստան, անվտանգ Արցախ և համախմբված Սփյուռք` հանուն հուսալի և լուսավոր ապագայի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան