«Երեկվա, այսօրվա սերունդը կտնեսնի այդ օրը, որ աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»
Աշխարհասփյուռ հայությունն այսօր նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը։ 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով, հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ այցելած հայերը հավատում են, որ կգա մի օր, երբ ամբողջ աշխարհը կճանաչի այս ոճրագործությունն ու կդատապարտի։
«Մեր երեկվա, այսօրվա սերունդը կտնեսնի այդ օրը, որ աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, համոզված եմ։ Աստված տա, ես էլ այդքան ապրեմ տեսնեմ, որ տեսնեմ այդ օրը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց 67-ամյա Վանիկ Եգորյանը, որ այսօր իր 7-ամյա թոռնիկի հետ էր եկել հուշահամալիր։
«Միշտ գալիս եմ այս օրը հուշահամալիր, սա մեր պարտքն է, որքան առողջությունս ների, գալու եմ։ Հավատում եմ, որ սերունդներն այնպես կանեն, որ ողջ աշխարհը ճանաչի միլիոնավոր հայերի կոտորածը»,- ասաց մեր մյուս զրուցակիցը՝ Լուսյա Գալստյանը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ նահանգներից 48-ը՝ բացի Ալաբամայից և Միսիսիպիից: