Կեցցեն հայերը, ուկրաինացինե՛ր, սովորեք հայերից. «Ռոսիա 1»-ի թողարկումը
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե՝ թարմ հետքերով» հաղորդման երեկոյան թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերի անարյուն, անկորուստ ընթացքին, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Հաղորդման ընթացքում «Տարածաշրջանային նախագծերի և օրենսդրության ինստիտուտի» տնօրեն Բորիս Նադեժդինը, մասնավորապես, իր հիացմունքն է հայտնել բողոքի ակցիաների և դրանց տված արդյունքի կապակցությամբ և կոչ է արել ուկրաինացիներին օրինակ վերցնել հայերից:
«Ես ցանկանում եմ իմ հիացմունքը հայտնել հայերի վերաբերյալ: Կեցցեն հայերը: Ուկրաինացինե՛ր, սովորեք հայերից. անարյուն մեծամասշտաբ հանրահավաքներ, ոչ մի կրակոց», - ասել է Բորիս Նադեժդինը:
Բանախոսը նաև բարձր է գնահատել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայացնելու քայլը՝ նշելով. «Դա շատ իմաստուն և ճիշտ որոշում էր: Աստված նրան առողջություն տա: Այդ մարդը տեսավ, որ ժողովուրդն իրեն չի ուզում: Իսկ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում հանրահավաքներին մասնակցում էր 150-200 հազար քաղաքացի: Դա նույնն է, որ Մոսկվայում 5 մլն մարդ ցույցի դուրս գա»:
Սերժ Սարգսյանի որոշման կապակցությամբ բանախոսի հետ համաձայնել են նաև բանավեճի մյուս մասնակիցները՝ հիշատակելով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ով հրաժարական տվեց միայն արյունալի բախումներից հետո:
«Ես բոլոր երկրների բոլոր ղեկավարներին կոչ եմ անում, որ երբ տեսնում եք՝ հանրությունը ձեզ չի ուզում, հանգիստ, հարգանքով հեռացեք: Կեցցեն հայերը: Ես վերջերս եմ Երևանում եղել, երկիրն աղքատ է ապրում, բայց նրանք ազգային ոգի ունեն: Եվ պատկերացնել, որ հայկական բանակը կամ հատուկ ծառայությունները կկրակեն հայ ժողովրդի վրա, բացարձակապես անհնար է: Կեցցեն իրենք, և թող բոլորն այդպես խաղաղ կերպով լուծեն կոնֆլիկտները», - հայտարարել է Բ. Նադեժդինը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանական ԶԼՄ-ները՝ հայաստանյան իրադարձությունների մասին
- Ռուսական մամուլ. Սերժ Սարգսյանը իմաստուն որոշում է կայացրել
- Միջազգային ԶԼՄ-ներ. Հայաստանը խոշոր քաղաքական փոփոխությունների հազվագյուտ օրինակ է
- Զախարովա. Հայաստա´ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները