Գործադրվում են առավելագույն ջանքեր ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար. Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտակարգ ռեժիմով աշխատանքի պայմաններում գործադրվում են ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն ապահովելուն ուղղված առավելագույն ջանքեր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է. «Ոստիկանությունն ու այլ պետական մարմիններ պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների իրավունքի լիարժեք իրացումը՝ բացառելով իրավունքի որևէ տեսակի խախտում:
Խնդրում եմ նկատի ունենալ, որ քաղաքացիների իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից խնդրահարույց են իրավասու մարմինների կողմից իրենց գործառույթների կատարման դժվարությունները կամ խոչընդոտները:
Մտահոգիչ է այն, որ փակված վիճակում են երկրի համար կենսական կարևորության ճանապարհներ:
Հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչներից, ում աշխատանքն այս բարդ օրերին կապված է պետության կենսական կարևորության գործառույթների, մարդկանց պաշտպանվածության ու անվտանգության հետ, պահանջում եմ լինել խիստ զգոն և օրենքով սահմանված պարտականություններ կատարել լիարժեք. դուք կոչված եք ձեր կարևոր աշխատանքով երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները:
Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է անհապաղ գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:
Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներին և անհամաչափ սահմանափակումներին նպաստող գործողություններից:
Խնդրում եմ լրագրողներին շարունակել ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան