Կարեն Կարապետյան. Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում
Հանրապետության հրապարակում վարչապետի «ժողովրդի թեկնածու» ընտրելու հնարավորությունը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը քիչ առաջ մի քանի ԶԼՄ-ների հետ հանդիպմանը բացառեց՝ հիմնավորելով, որևէ երկրում նման բան չկա, դրա համար կան ընտրություններ:
«Հրապարակում մեր քաղաքացիներն են, որոնք դժգոհ են: Բայց ո՞նց չափենք, քանիսն են ուզում Նիկոլ Փաշինյանին, քանիսը՝ մեկ այլ թեկնածուի, ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը: Դուք գիտե՞ք որևէ մի երկիր, որտեղ այդպես են ընտրում: Մենք առաջարկում ենք՝ եկեք, անենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա: Սահմանադրությունը չի արգելում, որ ԱԺ-ում իրենց ֆրակցիան ներկայացնի իր թեկնածուին: Թող ներկայացնեն, եթե հաղթեն, ապա՝ այո: Բայց մենք չենք կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել ու ասել, որ ես ժողովրդի այս հատվածի ընտրյալն եմ: Ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրություններով»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Փաշինյանի ներկայացրած առաջարկությունները վարչապետի պաշտոնակատարը որակում է որպես մի քաղաքական ուժի սուբյեկտիվ ցանկություններ:
«Մենք 2017-ին ունեցել ենք ընտրություններ, բոլորս ֆիքսել ենք, որ դրանք ավելի լավն են, քան նախորդը: Մենք հաջորդը ցանկանում ենք անել, որպեսզի ավելի լավը լինի: Որևէ երկրում ընտրություններն իդեալական չեն, քանի որ դրանք արտահայտում են քաղաքական մշակույթի, հասարակության բոլոր հիվանդությունները: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ կրթվելու, փոխվելու, քաղաքական մշակույթ մշակելու, մեկս մեկի հետ բանավիճելու… Դրա համար կան ընտրություններ: Հիմա մի քաղաքական ուժ էլ մեկ այլ տեղ մարդիկ հավաքի՞»,-ասաց նա:
Կարապետյանի խոսքով, այս իրավիճակում պետք է բոլոր քաղաքական ուժերը հավաքվեն մի սեղանի շուրջ, խոսեն, քննարկեն:
«Մենք բոլորս մշակել ենք Սահմանադրություն, օրենքներ, այդ դաշտից դուրս գալ չենք կարող: Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում: Բացի նրանից, որ մենք կատակլիզմի մեջ ենք ընկնում, այլև ռեգուլյար կարող ենք սուբյեկտիվ ձևով մեկնաբանել ժողովրդի ընտրյալ հասկացությունը»,-ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան