Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
«Ակնհայտ է՝ ՀՀԿ-ն և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մտածում են, որ հայ ժողովուրդը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով և հիմա ժամանակն է մտածել ՀՀԿ-ի վերարտադրության մասին, այսինքն՝ ապահովել Հանրապետականի հետագա իշխանավարումը: Կարծում եմ, որ այս իրավիճակում մենք պետք է շատ հստակ մեր դիրքորոշումները արտահայտենք և արձանագրենք, որ իրադարձությունների նման սցենարը, զարգացումը որևէ կերպ չի կարող մտնել հեղափոխության պլանների և ծրագրերի մեջ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Կարեն Կարապետյանի հայտարարությանը, որ կդիմի ՀՀ նախագահին, որպեսզի խորհրդակցություններ սկսեն, այդ թվում՝ անցկացնել խորհրդարանական ընտրություններ, նշեց. «Նրանք ուզում են ընտրություններ տեղի ունենան մի պայմաններում, երբ վարչապետի պաշտոնակատարը ՀՀԿ-ից է»։
Նա հավելեց, որ 2017 թվականի ընտրության օրինակով գիտեն, թե ինչպես են անցնում այդ ընտրությունները։
Ըստ նրա՝ իրենք կարող են ակտիվ ձևով բոյկոտել այդ ընտրությունները` շրջափակելով տեղամասերը և թույլ չտալով, որ ՀՀԿ-ն վերարտադրվի։
«Կարծում եմ, որ հեղափոխությունը հստակ ուղերձ է հղել, որ ՀՀ-ում ՀՀԿ-ն այլևս չի կարող իշխանություն ունենալ։ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հանրապետականների միջոցով ստվերից կառավարել։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և կարծում եմ, որ ևս մեկ քայլ պետք է արվի` «թավշյա հեղափոխությունն» ավարտին հասցնելու համար»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կսկսեն փողոցների շրջափակումները, դասադուլները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան