Մենք պատրաստ ենք բանակցությունների. Նիկոլ Փաշինյան
Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյան - Կարեն Կարապետյան հանդիպման չեղարկմանը: Նա նշեց, որ Կարապետյանը ցանկություն ուներ բանակցություններին գալ միայնակ, մինչդեռ իրենք երեք հոգուց կազմված խմբի էին հրավիրել, որից հետո Կարեն Կարապետյանը հրաժարվեց և դուրս եկավ բանակցություններից:
Միրզոյանը նշեց, որ ժողովուրդը վարչապետի այլ թեկնածու ունի, և հենց այդ թեկնածուն դառնալու է վարչապետ: Նա կոչ արեց հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, տեղեկացրեց, որ ԱԺ բոլոր մյուս խմբակցությունները միացել են այս շարժմանը, և փաստորեն աջակցություն հայտնել ժողովրդի թեկնածուին:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրերի մասին, նշեց, որ նրա պաշտոնավարումը պետք է դիտել միայն ՀՀ օրենսդրության տեսակետից:
«Այն պահից, երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ Կառավարությունը, և այսօր կառավարությունում չկա ոչ մի գործող պաշտոնյա, բոլորը հրաժարական տված են, Հայաստանում այս պահին չկա Կառավարություն»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից առաջ իրեն զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և խնդրում հաշվի առնել, որ նա իրենց չի ներկայացնում:
Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի համար նախընտրելի թեկնածու համարվելուն արձագանքելով՝ նա հիշեցրեց՝ Ռուսաստանից այսօր կրկին հնչել է տեսակետ, որ սա Հայաստանի ներքին գործն է:
«Մենք չենք պատրաստվում ժամավաճառությամբ զբաղվել, պատրաստ ենք բանակցությունների, և դրանք, ինչպես նախկինում պնդել ենք, պետք է վերաբերեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը: Մենք պատրաստ ենք քննարկել անցումային շրջանի, ժամանակավոր կառավարության գործունեության հետ կապված ցանկացած հարց»,- ասաց նա:
Փաշինյանը նաև արձագանքեց հնչող տեսակետներին, թե իրենց գործողություններն օրինական չեն: Նա նշեց, որ այդ գործողությունները համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի տարբեր փողոցներում երթերը շարունակվում են
- Պեսկով. Ռուսաստանում հույս ունեն, որ շուտով Հայաստանում փոխհամաձայնության կգան
- Կարեն Կարապետյան-Փաշինյան չեղարկված բանակցություններն ու նրանց արձագանքները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին