Երթևեկության անարխիա, որ մարդկային կյանքեր է արժենում
Փողոցներում երթևեկությունը վերջին օրերին քաոսային է: Ոստիկանության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, ճանապարհատրանսպորտային պատահերների թիվն օր օրի ավելանում է, տուժածների թիվը՝ նույնպես:
Ապրիլի 23-ին՝ կեսգիշերին մոտ՝ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածները, այդ թվում 1 տարեկան երեք ամսական երեխան, հիվանդանոցում կենաց մահու պայքար են մղում:
Երեխան մեքենայում գտնվող այլ տուժածների հետ նախ ընդունվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց ծանր վիճակում, գանգուղեղային վնասվածքով, կատարվել է շնչուղիների ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառության սարք: Երեխային ավելի ուշ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հրավիրված ռեանիմոբիլով տեղափոխվել է այդ բժշկական հաստատություն:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի պետ Աննա Չոբանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության ապարատին, դրական դինամիկա չկա:
«Երեխայի գլխուղեղն է վնասված, հիմնականում գլուխն է ախտահարված: Սրտի աշխատանքը կարգավորվում է դեղորայքով: Մինչ ռեանիմոբիլը հասնելը նա եղել է բժիշկների հսկողության ներքո, մոտ մեկ ժամ է պահանջվել նրան մեզ մոտ տեղեփոխելու համար, դուք գիտեք, թե ճանապարհներն ինչ վիճակում են»,-ասաց բաժանմունքի պետը:
Տուժածներից երեքը շարունակում են մնալ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, դեռ վիրահատությունները չեն ավարտվել:
Հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ մեքենայի վարորդը՝ 27 տարեկան հիվանդ տղամարդն, ունի սրունքի կոտրվածք, ինչպես նաև գլխի գագաթի վերքեր, որոնք ենթարկվել են առաջնային մշակման, իսկ սրունքի կոտրվածքի հետ կապված հենց այս պահին նրա վիրահատությունն է իրականացվում:
32-ամյա տուժած կինը, որը երեխայի մայրն է, ունի գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, վերքեր ճակատի և վերին շուրթի հատվածում, որոնք ենթարկվել են առաջնային վիրաբուժական մշակման: Կինը ինտեսնիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք:
Միջադեպից տուժած ևս մեկ քաղաքացի, ում մոտ առկա էին փոքր վերքեր և ծնկի հատվածի փափուկ հյուսվածքների արնազեղում, հրաժարվել է հոսպիտալացումից, սակայն բոլոր տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն, կատարվել են համապատասխան հետազոտությունները:
««Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բուժումը շարունակող տուժածները գտնվում են մասնագետնեիկ հսկողության տակ»,-ասաց հիվանդանոցի տնօրենը:
ՃՏՊ-ների վերաբերյալ վիճակագրությունը՝ ըստ ոստիկանության հրապարակած օպերատիվ ամփոփագրերի: Դրանց թիվն օր օրի ավելանում է:
Ապրիլի 23-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 18-19-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան