Ոստիկանության կոչը՝ ավտոակցիայի մասնակիցներին
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել.
«Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը:
Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում:
Կոչ ենք անում հիշել ու հարգել մեր բոլոր համաքաղաքացիների իրավունքները:
Կոչ ենք անում պահպանել նաև սեփական անվտանգությունը:
Ավտոմեքենաներով ակցիաներ անողները հաճախ բարձրանում են մեքենաների թափքերը, նստում տանիքին կամ բեռնախցերում:
Այդպես վարվողների մեջ շատ են անչափահասները, ինչը հղի է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով:
Մեծահասակներին կոչ ենք անում նրանց զերծ պահել այդպիսի գործողություններից:
Ավտոակցիաների մասնակիցներին կրկին կոչ ենք անում հարգել համաքաղաքացիների իրավունքները, գործողությունները պահել օրենքի և խելամտության շրջանակներում, պատասխանատվություն դրսևորել բոլորի ու յուրաքանչյուրի համար և ձեռնպահ մնալ անդառնալի հետևանքներով հղի քայլերից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան