ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ԵԽԽՎ-ից հեռացնել Ադրբեջանի կոռուպցիոն զեկույցում ներառված պատգամավորներին
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը նախօրեին կոչ է արել ԵԺԿ անդամ հանդիսացող բոլոր կուսակցություններին «անմիջապես կասեցնել կամ հեռացնել» այն անդամներին, որոնց անունները ներառված են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Արտաքին հետաքննության մարմնի կողմից կազմված զեկույցում։
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մանրամասնորեն ուսումնասիրել է զեկույցն ու իր լիակատար աջակցությունն է հայտնում Եվրոպայի խորհրդին ու նշում, որ «պետք է անել առավելագույնը՝ ԵԽԽՎ-ի նկատմամբ արժանահավատությունը վերականգնելու համար՝ որպես Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության պահապան ու խաղաղության խթանող»։
«30 տարի քաղաքականության մեջ լինելով՝ ես տխուր ու վրդովված եմ՝ տսնելով քաղաքական գործիչների անուններն այդ զեկույցում։ Մեր քաղաքացիներն ընտրում են քաղաքական գործիչներին իրենց ծառայելու ու իրենց շահերը ներկայացնելու համար, այլ ոչ բացարձակ հակառակը»,-ասել է Դոլը։
Ժոզեֆ Դոլը նշում է, որ ԵԺԿ-ին անդամակցած կուսակցությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն ու բարելավեն թափանցիկությունն ու նրանց ներկայացուցիչները պետք է գործեն ԵԺԿ արժեքներին համապատասխան։
«ԵԺԿ-ն զրոյական հանդուրժողականություն է ցուցաբերում էթիկային հակառակ վարքագծի նկատմամբ, որը ներառում է կոռուպցիա, կաշառակերություն կամ շահերի բախում»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմինը հրապարկեց զեկույց, որը վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից իրականացվող կոռուպցիոն գործարքներին։ Հետաքննության մարմինը բացահայտել էր Ադրբեջանի կողմից իրականացրած երկու գործունեություն՝ ազդելու ԵԽԽՎ գործունեության վրա՝ լոբբիստական աշխատանքով և կանխիկ գումարների բաժանման միջոցով։
Այս անունների մեջ են նաև ԵԺԿ անդամներ Լուկա Վոլոնտեն ու Պեդրո Ագրամունտը, ովքեր եղել են նաև ԵԽԽՎ ԵԺԿ խմբի ղեկավարներ։
Հարակից հրապարակումներ`
- Թորբյորն Յագլանդ․ Ցանկացած փորձ՝ Ադրբեջանի կոռուպցիոն զեկույցից ուշադրությունը շեղելու, անհանդուրժելի է
- Հրապարակվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի զեկույցը