Սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ. ՀՀ նախագահ
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից ներկայացնում են հայտարարությունն ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
Երեկ, Ապրիլի 24-ին, մեր ողջ ժողովուրդը, համաշխարհային հանրության հետ միասին, ոգեկոչեց մեր Սուրբ նահատակների հիշատակը՝ դրսևորելով ազգային համերաշխության և միասնության օրինակ:
Այսօր նույնպես, առավել քան երբևէ, մենք պետք է լինենք միասնական և համախումբ:
Քաղաքացիական շարժումը, որի մեջ ներգրավված է հատկապես երիտասարդությունը, նոր հնարավորություններ է բացում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ: Այն կբարձրացնի Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակությունն աշխարհում, եթե մենք կարողանանք ճիշտ և կշռադատված լուծումներ գտնել:
Այդ իմաստով չափազանց կարևոր է կողմերի միջև երկխոսության մեկնարկը: Ծանոթ եմ այսօր առավոտյան նախատեսված բանակցությունները դադարեցնելու մասին քաղաքացիական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն կարապետյանի հայտարարություններին և արտահայտված դիրքորոշումներին:
Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են:
Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջև:
Մտահոգ ստեղծված դրությամբ՝ այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը և դրանից դուրս գալու ուղիները:
Հուսով եմ, համատեղ ջանքերով մեզ կհաջողվի փոխըմբռնման ոգով գտնել հնարավոր հանգուցալուծման ուղիները»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան