Մալարիայի համաշխարհային օրն է
Յուրաքանչյուր տարի, ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է որպես Մալարիայի համաշխարհային օր: Թեև 2000 թվականից սկսած մալարիայի հիվանդացությունն աշխարհում զգալիորեն նվազել է, սակայն մալարիան շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են. «2016 թվականին հայտարարվեց, որ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Սա մեծ ձեռքբերում է համաշխարհային հանրության համար՝ մալարիայի էլիմինացիայի (վերացման) պայքարում:
Սակայն հիվանդության վերադարձի վտանգը դեռ կա, քանի որ մեծ է այլ տարածաշրջաններից բերովի դեպքերի թիվը: Ձեռք բերված արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է շարունակաբար արդյունավետ համաճարակաբանական հսկողություն իրականացնել:
2015 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային վեհաժողովը հավանություն է տվել մալարիայի 2016-2030 թվականների գլոբալ ռազմավարությանը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել 2030 թվականին առնվազն 90%-ով նվազեցնել մալարիայի հիվանդացությունը և մահացությունը` վերացնելով մալարիան առնվազն 35 երկրում, կանխել հիվանդության կրկին արմատավորումն այն երկրներում, որոնք ազատ են մալարիայից: Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել 2006 թվականից ի վեր։ 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:
Մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կապահովվի մալարիայի կրկին արմատավորման կանխարգելումը Հայաստանում»: