Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Շվեդիայի խորհրդարանում
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի օրը Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն։
ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, ներկաներին Ռիկստագի խոսնակի կողմից ողջույնի խոսք է ուղղել փոխխոսնակ Բյորն Սյոդերը, ով նշել է ցեղասպանության ճանաչման կարևորությունը մարդկության դեմ նման հանցագործությունների կանխման տեսանկյունից։
Միջոցառման հիմնական բանախոս, թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամն իր ելույթում անդրադարձել է թուրքական ժխտողականության արմատներին։
«Անցյալը այսօր էլ ներկա է»,- ասել է նա՝ կարևորելով ժխտողականության մերժումը թուրքական պետության կողմից հանուն հայ-թուրքական հաշտեցման և փոքրամասնությունների իրավունքների ընդունման։
Նա նաև շեշտել է ցեղասպանության անվերապահ ճանաչման կարևորությունը ինչպես Թուրքիայի, այնպես էլ համաշխարհային հանրության, և մասնավորապես եվրոպական պետությունների կողմից՝ որպես նախապայման Թուրքիայում և ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղ գոյակցության հաստատման համար։
Մյուս բանախոսը՝ շվեդ իրավագետ և ցեղասպանագետ պրոֆեսոր Օվե Բրինգն իր ելույթում քողազերծել է թուրքական քարոզչական կեղծ պնդումները, իբր պատմաբանների շրջանում չկա միակարծություն Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև, իբր ցեղասպանության ընդունման համար անհրաժեշտ է միջազգային դատական ատյանների վճիռ։ Նա ցավով նշել է, որ որոշ կառավարություններ և խորհրդարաններ տուրք են տալիս այդ ստահոդ մոտեցումներին։
Միջոցառման համակազմակերպիչների կողմից ելույթներ են ունեցել նաև պատգամավորներ Ռոբերտ Հալեֆը, Ֆրեդրիկ Մալմը, հայկական համադրող կենտրոնի ներկայացուցիչ Վահագն Ավետյանը, ովքեր դատապարտել են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի և քրիստոնյա այլ ազգերի էթնիկ զտումները։
Ստոկհոլմի «Հայկանի» համույթն էլ հանդես է եկել հայկական հոգևոր երաժշտության կատարումներով։
Միջոցառմանը մասնակցել են երկու տասնյակից ավելի դեսպաններ, բազմաթիվ խորհրդարանականներ, հասարակական գործիչներ։ Հատկանշական է, որ Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ միջոցառումը հովանավորել են նաև խորհրդարանական այն կուսակցությունների անդամները, որոնք Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման ժամանակ 2010թ-ին դեմ են քվեարկել։
Ապրիլի 22-24-ը հայ համայնքային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ, երթեր և հոգեհանգստյան կարգեր կազմակերպվել են Շվեդիայի տարբեր քաղաքներում՝ Ստոկհոլմում, Սոդերթելյեում, Օրեբրոյում և այլուր։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան