Մամուլի ազատության ինդեքս-2018. Հայաստանը 1 նիշով հետընթաց է ապրել
Եվրոպայում պոպուլիստական քաղաքականության աճը մեծապես թուլացրել է մամուլի ազատությունը, որը մի ժամանակ այս տարածաշրջանում ամենաանվտանգն էր: Լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ թշնամանքը լուրջ սպառնալիք է աշխարհում ժողովրդավարությանը, ներառյալ Եվրոպայում, այս մասին է ասվում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության (Reporters Without Borders) հրապարակած Աշխարհում մամուլի ազատության ինդեքս-2018 զեկույցում:
Եվրոպան վարկանիշային սանդղակում պահպանում է բարձր դիրքերը, սակայն ցուցանիշները տարվա ընթացքում ընկել են ավելի շատ, քան մյուս տարածաշրջաններում:
5 երկրներից 4-ը, որոնցում մամուլի ազատությունն առավել շատ է տուժել, գտնվում է Եվրոպայում. Մալթա, Սլովակիա, Չեխիա և Սերբիա:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հատկապես բարձրաձայնում է Մալթայում լրագրող Դաֆնե Կարուանա Գալիզիայի սպանության մասին, որին հետևեց սլովակ լրագրող Յան Կուչիակի սպանությունը՝ 5 ամիս անց:
Մամուլի ազատությանը վնասելու մեջ մեղադրվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանն ու Չինաստանը՝ իրենց հակա-մեդիա հռետորաբանությամբ ու մամուլի ազատության սահմանափակման փորձերով:
Աշխարհում մամուլի ազատության ինդեքս-2018-ում Հայաստանը 180 երկրների ցանկում զբաղեցրել է 80-րդ տեղը: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում տպագիր մամուլը բազմազան է և բևեռացված, հետաքննող լրագրությունն առցանց ծաղկում է, սակայն բազմակարծությունը հետ է մնում հեռարձակվող լրատվամիջոցներում: Հայաստանում իրավական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության հասանելիությունը և նվազեցնում հանրային ինստիտուտների թափանցիկությունը, մտահոգության տեղիք է տալիս: Նշվում է, որ 2017թ.-ին զրպարտության առնվազն 30 հայցեր են ներկայացվել ընդդեմ Sut.am կայքի, որը լուսաբանել է ենթադրյալ ընտրակեղծիքները: Անպատժելիությունը մեծապես գերակայում է, երբ լրագրողները ֆիզիկական հարձակման են ենթարկվում:
Նշենք, որ 2017թ.-ին Հայաստանն այս ինդեքսում զբաղեցնում էր 79-րդ, իսկ 2016թ-ին՝ 74-րդ հորիզոնականները:
Վարկանիշային աղյուսակի եռյակը գլխավորում են Ֆինլանդիան, Նիդերլանդներն ու Նորվեգիան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին