Պետք է գտնվի այն ելքը, որը լավագույնը կլինի մեր երկրի համար. Վարդան Արամյան
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին տեղեկությունը պաշտոնապես հերքվել է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կարեն Կարապետյանը մտադիր է հեռանալ կամ իր թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում:
«Չեմ կարծում, որ իմ մանդատի անունից՝ որևէ հայտարություններ անելը ճիշտ է: Ճիշտ կլինի, որ երբ գալիս է պահը, հայտարարություններ անեն այն մարդիկ, որոնք լիազորված են այդպիսի հայտարարություններ անել»,- նշեց նա:
Միաժամանակ Վարդան Արամյանն ասաց, որ այս իրավիճակը մտահոգում է բոլորին: «Չեմ կարծում՝ Հայաստանում կա որևէ մեկը, որը մտահոգված չէ այս իրավիճակով: Պետք է գտնվի այն ելքը, որը լավագույնը կլինի մեր երկրի համար»,- ասաց նա:
Ըստ նրա՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե ազգաբնակչության շրջանում կա որոշակի անհանգստություն՝ դա լինի տնտեսական, քաղաքական և այլն, պետք է ուշադիր լինել ինֆորմացիոն հոսքերի կառավարմանը: « Երբ տեղի են ունենում որոշակի անհանգստություններ և ինֆորմացիոն հոսքերը տարբեր ուղղություններով են գնում, դա ազդում է տնտեսական աճի վրա: Դրա համար պետք է ամեն ինչ անել, որ այս վիճակից առավելագույն օգուտներով և նվազագույն ծախսերով դուրս գանք»,- Վարդան Արամյանը: