Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների կողմից. Վարդան Արամյան
«Իմ խորին հարգանքը մեր հասարակության յուրաքանչյուր անդամին, բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արել է՝ նշելով, որ հանդիպումը չի կայացել, քանի որ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումի: Ավելին ես չեմ կարող մեկնաբանել», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ բանակցությունները չկայացան Նիկոլ Փաշինյանի ու Կարեն Կարապետյանի միջև:
Lրագրողի հարցին՝ տեղեկատվություն կար, որ բանակցությունները չկայացան, քանի որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է ցանկանում, որ Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, Վարդան Արամյանը նշեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ նման դեպքերում ծնվում են տարբեր տեսակի վարկածներ. «Մենք պետք է ցանկացած տեղեկատվության շատ զգույշ վերաբերենք, քանի որ դրանք ազգաբնակչության շրջանում կարող են շփոթ առաջացնել, ինչը շատ վատ է, դա նշանակում է, որ չկա կարգապահական վարքագիծ»:
Նրա խոսքով՝ լավագույն լուծումը կառուցողական երկխոսության մեջ է. «Իրավական պետություն ստեղծելու համար պետք է ձեռքներս դնենք օրենքի վրա և առաջ շարժվենք»:
Վարդան Արամյանը նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը դրական է ընկալվել միջազգային ներդրողների ու հանրության կողմից:
«Դա դրական ազդակ է տվել այն առումով, որ Հայաստանն ունի այնպիսի իրավիճակ, որ չի կրկնում Ուկրաինայում կատարված սխալները, այսինքն՝ գնում է ավելի կառուցողական ուղիով», - ասաց Վարդան Արամյանը: