ՃՈ հանձնարարվել է կարճել ապրիլի 13-ից 25-ը հարուցված վարչական վարույթները
«ՀՀ ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները: Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով և կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթևեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետևանքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Վարչական վարույթները կարճվելու են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-րդ և 27-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների հիմքով:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչները արդեն իսկ հանդես են եկել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու հրապարակային կոչերով, Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարչական վարույթների կարճումների պրակտիկան չի շարունակվելու և վարչական իրավախախտումներ կատարած անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
ՀՀ ոստիկանության պետի որոշումը համաձայնեցված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ»,- տեղեկացնում է նա: