Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին. Նիկոլ Փաշինյան
«Ես կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին», - այս մասին այսօր «Ազատություն» ռկ-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը չի նշանակում, որ ռուսական կողմը խախտել է չեզոքությունը։
Փաշինանը նաև ասաց. «Ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Մասնավորապես, ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը: