Պատմական. Հանդիպել են Հյուսիսային ու Հարավային Կորեայի առաջնորդները
Միջազգային առաջատար լրատվամիջոցների առաջին էջում Հյուսիսային ու Հարավային Կորեաների նախագահների հանդիպման մասին լուրերն ու լուսանկարներն են: Հանդիպումը գրեթե բոլորը պատմական են որակում:
«Ժպիտներ ու ձեռքսեղմում, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն ուրբաթ օրը հանդիպել են ապառազմականացված գոտում՝ խոստանալով հակամարտությունից հետո տասնամյակներ շարունակ պահպանել խաղաղությունը»,-գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Telegraph-ը հիշեցնում է, որ 65 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հատում է Հարավայինի սահմանը: 1953 թվականին պատերազմի ավարտից հետո Կիմն առաջինն է:
Նա նաև ստիպել է Մուն Չժե Ինը մի քանի քայլ կատարի՝ հայտնվելու Հյուսիսային Կորեայի սահմանից ներս:
Ինչպես և սպասվում էր երկրների առաջնորդների հանդիպման օրակարգում եղել են խաղաղության, միջուկային զենքի, երկու երկրների հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր: Կիմը նշել է, որ բոլոր այս հարցերը պետք է լուծեն կորեացիները:
«Հենց այն փաստը, որ միջկորեական գագաթաժողով է անցկացվում, կարելի է համարել բեկումնային տասնամյակ: Դրանք ես կորակեի որպես հույսի բանակցություններ»,-ասել է Կիմ Չեն Ինը:
Առաջնորդների ներկայացուցիչները մամուլին պատմել են, որ հանդիպման ժամանակ անկեղծ երկխոսություն է ծավալվել: Կիմ Չեն Ինը նույնիսկ առաջարկել է Հարավային Կորեայի նախագահին հաճախ հանդիպել:
«Եկեք ավելի հաճախ հանդիպենք: Եկեք կառուցենք ցանկալի լավ աշխարհը»,-ասել է նա: