Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ մեկ սենյակում. Նիկոլ Փաշինյան (լրացված է)
16:45
Նիկոլ Փաշինյանն իր ծննդավայրում շնորհակալություն հայտնեց Իջևանի ավագանուն, որ պաշտոնապես պաշտպանեց և միացավ համաժողովրդական հեղափոխությանը:
Նաև նշեց, որ ակնկալում է՝ այսօր նմանատիպ հայտարարությամբ հանդես կգա նաև քաղաքապետը. «Պարոն քաղաքապետ, ահա քո ժողովուրդը, դու պարտավոր ես լինել քո ժողովրդի հետ, քո ժողովրդի կողքին: Ավելին` ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նմանատիպ հայտարարություններ ընդունեն բոլոր այն համայնքների ավագանիները, համայնքի ղեկավարները, որոնք մինչ հիմա չեն արել»:
Փաշինյանը միաժամանակ կոչ արեց չկորցնել զգոնությունը, իսկ ապրիլի 29-ից ամբողջ հանրապետությունում բողոքի ակցիաները, գործողությունները նոր թափով, նոր վճռականությամբ, նոր հանդուրժողականությամբ և նոր հաղթանակով պետք է վերսկսել:
Նա նաև նշեց, որ ակցիաների ընթացքում, որևէ լկտիություն, բռնի գործողություն չպետք է լինի, եթե ցուցարարները ճանապարհ են փակում, պետք է ներողություն խնդրել և բացատրել, թե ինչու են դա անում. « Ոչ մի ագրեսիվության, լկտիության դրսևորում, ոչ մի առանց համար ավտոմեքենա, ոչ մի ճռիկ-վռիկներ, բոլոր նրանք, ովքեր այդպես վարվում են, նրանք շարժման հետ կապ չունեն և դա անում են շարժումը վարկաբեկելու համար, որևէ մեկը չփորձի լկտիությամբ ստվեր գցել մեր այս հաղթական, պայծառ, ժողովրդական շարժման վրա»:
Վերջում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց՝ մայիսի 1-ին, առավոտյան ժամը 8-ից հեղեղել մայրաքաղաքի բոլոր փողոցներն ու հրապարակները:
Իջևանում հանրահավաքն ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներով շարունակեց ավտոերթը դեպի Վանաձոր:
16:40
Նիկոլ Փաշինյանը Իջևանում անդրադարձավ բանակցություններին՝ նշելով, որ շատ է խոսվում դրանց մասին, բայց այդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում:
«Ես ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք շահագրգռված ենք օր առաջ այս խնդիրը լուծել վերջացնել և եթե կան բարդություններ բանակցություններ այս կամ այն ֆորմատի, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱԺ «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ:
Այսինքն՝ մենք պատրաստ ենք հանդիպել այդ խմբակցության պատգամավորներին մեկ սենյակում, քննարկել ստեղծված իրավիճակը, առաջարկել մեր լուծումները և լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել ԱԺ բոլոր պատգամավորների հետ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք նաև բանակցել մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով: Ուզում եմ ասել, որ ամենամեծ շահագրգռություն ունեցող ուժը մենք ենք, որ այս հաղթանակի դե յուրե արձանագրումն օր առաջ տեղի ունենա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ մեն օր պետք է արթնանա հաղթողի, երկրի տիրոջ, հզոր ապագա ունեցողի զգացողությամբ:
16:25
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վերջին օրերին տարբեր մարդկանց հետ հանդիպումներ է ունենում՝ Կաթողիկոսի, ՀՀ նախագահի:
«Այդ հանդիպումների արդյունքում կարող եմ ասել հետևյալը՝ մենք պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք բանակցությունների: Քաղաքական այս պրոցեսում, երբ ասում ենք՝ ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, մենք չենք ուզում, նպատակ չունենք որևէ մեկին նվաստացնել, որևէ մեկի նկատմամբ վրեժխնդիր լինել: Այդպիսի մեկնաբանությունների արմատը չեմ հասկանում: ՀՀԿ-ն, մյուս խմբակցությունները տխո՞ւր են, որ կա այսպիսի հերոսական ու հաղթանակած ժողովուրդ: Սա առաջին դեպքն է, երբ թուրքը նայում ոչ թե ուրախանում է, այլ տխրում, որովհետեւ հասկանում է, որ այստեղ կա մի ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ԱԺ բոլոր խմբակցություններին՝ նշելով, որ ատելության և անհանդուրժողականության էջը փակված է: «ԱԺ բոլոր ուժերը, պատգամավորները հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս հաղթանակած Հայաստանին: Նրանք հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել ապագային հավատացող Հայաստանին, ժողովրդին և չենք փորձում որևէ կերպ այդ ծառայությունը նսեմացնել ու ծաղրել: Մատուցեք ձեր ծառայությունները հաղթանակած ժողովրդին և դրանով Ձեզ լիարժեք կդարձնեք ՀՀ հաղթանակած ժողովրդի անբաժանելի մասը»:
16:15
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ-ում վերջին օրերին հաստատված տոնի մթնոլորտը պետք է շարունակվի հավիտյան, երկրում պետք է տիրի ազատության, օրինականության և եղբայրության մթնոլորտ:
«ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը պետք է հասկանան, որ չկա այլևս այնպիսի Հայաստան, որ նրանք կարող են կառավել, նրանց չի հաջողվի րոպե անգամ հանգիստ շունչ քաշել, քանի դեռ չեն ընդունել համաժողովրդական շարժման հաղթանակը»,- ասաց նա:
15:40
«Իջևանի հերոսական և հաղթանակած ժողովրդին ողջույն: Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հիմա արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում մեկ ամիս առաջ մեկնարկած ոչ բռնի ժողովրդական թավշյա հեղափոխությունը հաղթել է»,- Իջևանի հրապարակում իր խոսքն այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենց հարկավոր է ևս մի կարճ ժամանակահատված այդ դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար:
«Ես ուրախ եմ, որ տեսնում եմ մեր ժողովուրդը կանգնած է ամուր այս հաղթանակի պաշտպանության դիրքերում, քանի որ ոմանք հույս ունեին, թե ժողովուրդն էնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, որ կմոռանա՝ ինչի համար է հավաքվել: Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս պրոցեսը ավարտին հասցնելու համար: Ժողովրդի դե ֆակտո հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի, բայց հեղափոխությունը նույնիսկ այդտեղ չպետք է կանգ առնի, որովհետև հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ սրանից հետո անկախ կարգավիճակից և պաշտոններից, որևէ անձի, որևէ կուսակցության, որևէ խմբի, որևէ կլանի իշխանություն չի պատկանելու, իշխանությունը պատկանելու է ժողովրդին, միայն ու միայն ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ բոլորը պետք է արձանագրեն՝ այս հաղթանակն ունի մեկ հեղինակ, մեկ տեր և այդ տերը ՀՀ քաղաքացին է, ՀՀ ժողովուրդը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորը գիտեն՝ ինքը ծնվել և մեծացել է Իջևանում և իր ընտանիքը շարունակում է ապրել Իջևանում: Նրա խոսքով՝ եկել է Իջևան առաջին հերթին այս հայտարարությունն անելու. «Ես ծնունդով իջևանցի եմ, բայց ինչպես նախկինում ասել եմ՝ քաղաքական գործունեության մեջ և ընդհանրապես քաղաքացիության զգացումով որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, ես ասում եմ, որ իջևանցի եմ նույնքան, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի եմ նույնքան, որքան գորիսեցի, գորիսեցի եմ նույնքան, որքան կապանցի, կապանցի եմ նույնքան, որքան եղեգնաձորցի, եղեգնաձորցի եմ նույնքան, որքան գյումրեցի: Եւ ես ասում եմ Իջևանում՝ Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է»:
Նրա խոսքով՝ այլևս մարդիկ չեն գնահատվելու նրանով, թե ում ընկերն են, ում եղբայրն են, ում հորեղբոր տղան են, ում բաջանաղի ախպերն են, ում հետ են մոտիկ ու հեռու, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հավասար իրավունք:
Դա, ըստ նրա, վերաբերելու է տնտեսությանը, քաղաքականությանը, կրթությանը, և յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու ապրել, արարել ազատ և ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը. «Հայաստանում լկտիությունների, բեսպրեդելի, ամենաթողության էջը փակված է: ՀՀ-ում բոլորը անառարկելիորեն հավասար են լինելու օրենքի առաջ: Իմ վարչապետ ընտրվելու պարագայում առաջին հերթին իմ հարազատները, մտերիմները, ընկերները պետք է պատասխանատու, կարգապահ, համեստ լինեն: Հայաստանում բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ և որևէ մեկը չի կարող մեկ միլիմետր անգամ դուրս գալ օրենքի շրջանակից՝ լինի իջևանցի, կապանցի, վանաձորցի, գյումրեցի, երևանցի, թե գորիսեցի: Սա է մեր հեղափոխության հիմնական իմաստը»:
15:05
Նիկոլ Փաշինյանն ու նրան ուղեկցողները հասել են Իջևան: Մարզկենտրոնի մուտքի մոտ կայանելով մեքենաները, նրանք որոշեցին ոտքով հասնել հանրահավաքի հարթակին: Այստեղ ևս նրան դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով:
14:24
Այսօր մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ավտոերթը դեպի Իջևան: Ճանապարհին նա կանգ է առնում տարբեր բնակավայրերի մոտ, ողջունում մարդկանց ու կոչ անում էլ ավելի միասնական լինել:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կանգ առավ Դիլիջանում: Դիլիջանցիները նրան դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով, «Նիկոլ վարչապետ» բացականչություններով:
«Ժողովուրդ ջան, ուզում եմ մի բան հստակ արձանագրեք, որ այս հաղթանակը կերտել է Ձեզանից յուրաքանչյուրը»,- դիմելով դիլիջանցիներին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ սա ժողովրդի հաղթանակն է և Հայաստանի Հանրապետությունում այլևս հաստատված է ժողովրդի իշխանություն. «Սրանից հետո այլ կերպ երբեք չի լինելու: Ժողովրդին է պատկանում իշխանությունը և ժողովուրդն է իշխանության տերն ու տնօրենը: Վարչապետը, կառավարությունը, մնացած պաշտոնյաները ծառայում են և պիտի ծառայեն ժողովրդին, իսկ ով չի կարողանում կամ չի ուզում ծառայել, ապա պետք է ազատեն կառավարական կաբինետներն ու պաշտոնները»:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններից ստորագրություն պահանջեն ժողովրդավարական շարժմանը միանալու մասին:
«Այսինքն՝ տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններից ակնկալում եմ, որ առաջիկա մեկ-երկու օրերին ընդունեն հայտարարություններ, որ իրենք անվերապահորեն աջակցում են համաժողովրդական շարժմանը և միանում են շարժմանը: Մեզ այսօր տարբեր կերպ խաբար են ուղարկում, զանգում են, բայց մեզ համար քաղաքականությունը հրապարակային պրոցես է, դրա համար կոչ եմ անում մեկ-երկու օրվա ընթացքում ընդունել հայտարարություն և հրապարակել մամուլում: Սա է ճիշտ ճանապարհը: Հայաստանը դառնալու է ամենածաղկուն երկրներից մեկը աշխարհում և Դիլիջանը դառնալու է աշխարհի ամենածաղկուն քաղաքներից մեկը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան