ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ այսօր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ:
«Օրակարգում եղել է մեկ հարց՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և ՀՀԿ-ի մասնակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին: Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը՝ ՀՀԿ-ն մշտապես նշել է, որ մեզ համար ամենաառաջնայինը պետության, հայրենիքի շահն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունն է:
Առաջնորդվելով այդ մարտահրավերներով և առաջնահերթություններով՝ ՀՀԿ-ն այսօր որոշել է, որ խմբակցությունը սեփական վարչապետի թեկնածու չի առաջադրելու, երկրորդ՝ խմբակցությունը կքննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը և մինչև քվեարկությունը կներկայացնի իր որոշումը»,- հայտնեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ փոխվել է քաղաքական իրավիճակ, այսօր Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է:
«Հայաստանում նոր իրողություններ են, մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնային է ոչ թե կուսակցության, այլ՝ պետության շահը: Մենք առաջնորդվում ենք կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով: Մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների, մեզ անհրաժեշտ է ուժեղ Հայաստան: Այսպիսին է իրավիճակը, սա գիտակցված որոշում է, որի հիմքում ընկած է ներքին կայունությունը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը», - նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան