Չեմ կարծում, որ Ադրբեջանն այս պահին կապակայունացնի իրավիճակը. Կոնստանտին Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ Ադրբեջանը սադրանքի չի գնա՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակում համախմբման առիթ չտալու համար։
«Ամբողջ այս ընթացքում՝ ստեղծված այս իրավիճակում մենք հույս ենք դնում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կողմերի միջև պայմանավորվածության վրա, հասկանում ենք, որ նրանց փոխարեն դա ոչ ոք չի անի։ Ես վստահ եմ, դա իմ անձնական համոզմունքն է, որ Արցախում ապրող մարդկանց կամքը պետք է հաշվի առնվի։ Իսկ մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք դեմ ենք ցանկացած ռազմական փորձարկումներին և ռազմական ռևանշի փորձերին»,- ասաց նա։
Զատուլինը նշեց, որ 2016-ի ապրիլն անձամբ ինքը ծանր է տարել։ Նրա խոսքով՝ 2016-ի ապրիլը Ադրբեջանի նախաձեռնությունն էր, և ինքն այս հարցում կասկածներ չունի. Ադրբեջանն իր անձնական պատճառներով որոշեց տարածաշրջանում հավասարակշռությունը խախտել։
Պետդումայի պատգամավորը ցավով նշեց, որ այստեղ օգտագործվել է ռուսական արտադրության զենք, հույս հայտնեց, որ ՌԴ հետագա գործողությունները, այն է՝ Հայաստանին զենքի մատակարարումը, հնարավորություն տվեցին վերականգնել հավասարակշռությունը։
«Մենք կտրականապես դեմ ենք ԼՂ խնդրի ուժային լուծման փորձերին։ Այս փուլում, ինչ խոսք, որոշողը երկրներն են, բանակցությունները պետք է շարունակվեն, որևէ սադրանք պետք է չլինի, և հատկապես՝ պետք է չլինի այս շրջանում, երբ Հայաստանը նման իրադարձություններ է ապրում։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանն այս պահին կապակայունացնի իրավիճակը, կփորձի օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից՝ ինչ-որ բան անելու համար։
Ինձ թվում է՝ Ադրբեջանը հուսով է, որ այդ ներքաղաքական խնդիրները, դա իմ մասնավոր կարծիքն է, կշարունակվեն, իսկ եթե նա հիմա փորձի ինչ-որ բան անել, մեծ է հավանականությունը, որ Հայաստանում կոնսոլիդացիա կլինի, իսկ դա նրան պետք չէ, հակառակը՝ նա լուռ ուրախանում է»,- ասաց նա։