Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է
2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969.9 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1 894.5 հազ.մարդ, գյուղականը` 1 075.4 հազ. մարդ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը եղել է 2 մլն 981.5 հազար մարդ, այսինքն, մշտական բնակչությունը նվազել է 11 հազար 600-ով:
Ըստ վիճակագրության՝ 2018թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 8 հազար 225 երեխա, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատված համեմատ նվազել է 311-ով, իսկ 2016թ-ի համեմատ՝ 900-ով:
ԱՎԾ-ի տվյալներով՝ 2018թ. հունվար-մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 117.1%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 109.1%-ի համեմատ:
Նշվում է նաև, որ 2018թ. հունվար-մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք, իսկ մայրական մահացության գործակիցը կազմել է 12.2 միավոր (2017թ. հունվար-մարտին` 11.7), բացի այդ հունվարին գրանցվել է նաև ժամկետի բացթողումով (1999թ.) մայրական մահվան մեկ դեպք:
Ինչ վերաբերում է ամուսնություններին և ամուսնալուծություններին, ապա վիճակագրության համաձայն. հանրապետությունում 2018թ. հունվար-մարտին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 285 դեպք` 2017թ. հունվար-մարտին արձանագրված 274 դեպքի համեմատ: