«Չհամոզեցիք». Շարմազանովը Փաշինյանին հիշեցրեց նախկինում արված հայտարարությունները
«Գաղտնիք չէ, որ ես դեմ եմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, բայց ամեն դեպքում Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և լինելով քաղաքական գործիչներ և պետական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների և փաստերի հետ»,- այս մասին Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած գործիչ, ով ելնում է ՀՀ ազգային շահերից, պետք է այդպես էլ վարվի:
Նշենք, որ հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց, թե ինչ կողմնորոշում ունեն արտաքին քաղաքականության հարցում: Նրա խոսքով՝ «Ելք» խմբակցությունը տարիներ շարունակ քննադատել է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ երբեմն շատ խիստ:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Փաշինյանը և «Ելք» խմբակցությունը ոչ միայն քննադատել են իշխանություններին ԵԱՏՄ անդամակցության համար, ավելին՝ նախաձեռնել են գործընթաց՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ համարելով, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն սխալներից մեկն է:
«Վերջին օրերին թե ռուսական ԶԼՄ-ներին, թե պառլամենտում նշել եք, որ Ձեր վարչապետ ընտրվելու դեպքում Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից: Հիմա ուզում եմ անկեղծորեն հարց տալ՝ մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածներն ընդունենք, որ ասում էր՝ պետք է դուրս գանք, թե վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որ ասում է՝ ԵԱՏՄ-ից չպետք է դուրս գանք»,- հարցրեց նա:
Է.Շարմազանովը նաև հետաքրքրվեց՝ հնարավոր է, որ վարչապետ ընտրվելու դեպքում սա միակ հարցը չլինի, որտեղ 180 աստիճանով կտարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:
Ն. Փաշինյանը նշեց, որ դեմ է քվեարկել ԵԱՏՄ-ին անդամակցությանը, քանի որ կարծում է՝ արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը վտանգավոր կարող են լինել երկրի համար:
«Պետական գործիչներն ու իշխանություններն ընդհանրապես պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ երկրի ազգային շահերով: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարությանը, ապա նշեմ, որ երբ ընդդիմության ներկայացուցիչ ես, հնարավորություն չունես խնդիրները, որ օրինական կան ԵԱՏՄ-ում, քննարկել ուղիղ, տվյալ դեպքում ընտրվում է գործիքակազմ, երբ իշխանության ներակայացուցիչ ես, հնարավորություն կա այդ բոլոր հարցերն ըստ առաջնահերթության դասակարգել և քննարկել համբերատար, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, մենք այդպես էլ կվարվենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ նորից ասում է՝ Հայաստանում, իր վարչապետ ընտրվելու պարագայում, ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու հարց չի բարձրացվելու։
«Սա չի նշանակում, որ ես ասում եմ ԵԱՏՄ-ում ամեն ինչ իդեալական է, կան խնդիրներ, մենք կաշխատենք գործընկերության մթնոլորտում բոլոր այդ հարցերը քննարկել ու հասնել լուծումների», - նշեց նա:
«Չհամոզեցիք»,- եղավ Էդուարդ Շարմազանովի արձագանքը: «Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը պետք է պակաս պատասխանատու լինի, քան իշխանության, և ես այն կարծիքին չեմ, որ եթե ընդդիմություն ես ու գալիս ես իշխանության, պետք է առաջնորդվես միայն իշխանության առաջնորդի պետական շահերով: Իմ կարծիքով՝ քաղաքական գործչի համար արտաքին ու ներքին քաղաքական ծրագրային պլատֆորմը պետք լինի հստակ և դա չպետք է կախված լինի Էդուարդ Շարմազանովը էսօր իշխանություն է՝ ասում է ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի, վաղը դառնամ ընդդիմություն՝ ասեմ ՀԱՊԿ-ից գնանք Եվրամիություն։ Դուք այսօր շատ լավ ապացուցեցիք, որ ՀՀ իշխանության արտաքին քաղաքականությունը բխում է ՀՀ պետական շահերից և ԵԱՏՄ-ն սպասարկում է մեր ազգային շահը, որի համար ձեզ շատ շնորհակալ եմ»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ չի ուզում բանավեճի մեջ մտնել Շարմազանովի հետ։ Նրա խոսքով՝ շատ են բախվել իրադրությունների, երբ պետական գործիչները իրողությունների հետ հաշվի չեն նստել, դա բերել է որոշակի ցնցումների:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ փոխվեց վեց ամսվա ընթացքում
- Փաշինյան. ԼՂ հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
- Փաշինյան. Հակադրության մասին խոսք չկա
- Մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության անդամների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին