Փաշինյան. ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնում, բայց դա չի նշանակում, որ այնտեղ խնդիրներ չկան
«Ելք» խմբակցության ղեկավար, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանից այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ նրա կարծիքի մասին՝ հիշեցնելով, որ իր խմբակցությունն այդ հարցով նույնիսկ խորհրդարանական լսումներ էր հրավիրել:
Փաշինյանը բացատրեց, որ ընդդիմությունը տարբեր կառույցների վերաբերյալ առկա հարցերը այլ երկրների իշխանությունների կամ տվյալ միության գործադիր մարմնի անդամների հետ քննարկելու հնարավորություն չունի, ուստի խնդիրները բաձրաձայնում է նաև լսումների միջոցով:
«Դա տարբերակներից մեկն է, որպեսզի առկա պրոբլեմները բարձրաձայնվեն ու համապատասխան արձագանք ստանան: Երբ դու իշխանություն ես ներկայացնում, հնարավորություն ունես այդ պրոբլեմները փաստաթղթավորել, գնալ ու քննարկել գործընկեր երկրների հետ ու համբերատար երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Ես համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում մենք դրական, պոզիտիվ արդյունքներ կունենանք»,-ասաց ԱԺ պատգամավորը:
Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ ինքը ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում:
«Բայց դա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ այդ միությունում խնդիրներ չկան, խնդիրներ կան ու դրանք կքննարկվեն գործընկեր երկրների հետ: Խոսքը ոչ թե «Ելք» խմբակցության դիրքորոշման, այլ Հայաստանի պոտենցիալ, հնարավոր նոր կառավարության դիրքորոշման մասին է»,-ասաց Ն. Փաշինյանը:
Լրագրողները հարցրեցին նաև Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին:
«Ես չեմ կարող հիմա կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ իմ վարչապետ ընտրվելու դեպքում երկրում օրինականություն կհաստատվի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կանգնած ենք ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու անհրաժեշտության առաջ
- Փաշինյանը մտադիր չէ վերցնել ԵՊՀ դիպլոմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան