Համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ՀՀԿ-Փաշինյան հանդիպման ժամանակ բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը:
«Գաղտնիք չէ, որ շարժման հիմքում կան սոցիալական արմատներ, ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է, թե երբ է լավ ապրելու: Շարժման ժամանակ Դուք բազմիցս հնչեցրել եք աշխատատեղերի ստեղծման, լուրջ արտադրություններ ստեղծելու հարցերը: Շարժման յուրաքանչյուր օրը առնվազն երկու ամսով մեր տնտեսությունը հետ է շպրտել: Այս իրավիճակից դուրս գալու համար, թե ներդրումների հարցով, թե արտադրություններ կազմակերպելու հարցով Դուք հնչեցրել եք, որ իշխանությունների կողմից սխալ քաղաքականություն է վարվում «Նաիրիտ»-ի վերագործակման հետ կապված: Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը»,-հարցրեց Գագիկ Մելիքյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում «Նաիրիտ» գործարանի խնդրին և չի կարող այդ հարցին ուղիղ պատասխանել:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե շարժման ամեն օրը երկու ամսով հետ է շպրտում տնտեսությունը, Փաշինյանն ասաց, որ ըստ իրեն՝ շարժման ամեն օրը նաև մեծ պոտենցիալ է կուտակել Հայաստանի տնտեսության էական և թռիչքաձև զարգացման համար:
«Եթե օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պայմանները ապահովվեն, ինչը շարժման հիմնական գաղափարներից մեկն է, համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու՝ առաջին հերթին հենց հայկական շրջանակներից: Այդպիսի ազդակներ արդեն իսկ կան: Մեր ամեն բաց թողնված օրը և ամիսը շատ արագ կկոմպենսացվի, եթե իհարկե արագ կարողանանք հասնել հանգուցալուծման և անցնել արդեն բարձրացված օրակարգի կոնկրետ խնդիրների լուծմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Գագիկ Մելիքյանն էլ արձագանքեց, թե տնտեսության թռիչքների մասին մի քանի տարի առաջ էլ են լսել. «Կարծում եմ՝ հեքիաթների ժանրից է: Ես ավելի մեղմ արտահայտվեցի երկու ամսով հետ ընկնելը: Ես հասկացա, որ ժողովուրդն առաջիկա 7-8 տարիների ընթացքում լավ ապրելու մասին պետք է հույսեր չփայփայի»:
Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորին նախ խնդրեց հուսահատություն չսերմանել և չքարոզել քաղաքացիների շրջանում. «Եթե մի բան չի հաջողվել մինչև հիմա, չի նշանակում, որ չի հաջողվելու նաև սրանից հետո: Մեր շարժումը ողջունել են բազմաթիվ տնտեսվարողներ և եթե նրանց վնաս լիներ քաղաքական այս գործընթացը, նրանք այդպես չէին վարվի: Հայաստանում տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է: Դրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք կապահովեն Հայաստանի կայուն զարգացումը: Ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ շատ արագ տեսնելու ենք լուրջ արդյունքներ, քանի որ ամենակարևորը՝ փոխվել է մարդկանց տրամադրությունը, երկրի տրամադրությունը: Կարծում եմ՝ ապրելու արարելու, աշխատելու տրամադրությունը կկանխորոշի հետագա զարգացումը: Ես չեմ կիսում Ձեր հոռետեսությունը և համոզված եմ, որ արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ոչ մերոնքականներին մերոնքականներով փոխարինելու
- «Չհամոզեցիք». Շարմազանովը Փաշինյանին հիշեցրեց նախկինում արված հայտարարությունները
- Փաշինյան. ԼՂ հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
- Փաշինյան. Հակադրության մասին խոսք չկա
- Մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության անդամների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան