Հերհեր գյուղի ճանապարհի կառուցումից հետո գյուղացիները վստահ են՝ զբոսաշրջությունն այստեղ ավելի կզարգանա
Վայոց ձորի մարզով անցնող միջպետական Մ2 ավտոճանապարհի 144-րդ կմ-ից դեպի
Հերհեր և Կարմրաշեն գյուղական համայնքներ տանող ճանապարհահատվածում
ճանապարհաշինական եռուզեռ է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ
«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում 11 կմ-ից ավելի երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է։
ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին շինարարները, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշել են, որ ճանապարհի ամբողջ երկայնքով հանույթի, լիցքի աշխատանքներ են իրականացվում։ Հերհեր համայնքի հատվածում հենապատեր են կառուցվում, շուտով կսկսվեն նաև ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները:
Բնակիչները գոհունակությամբ հետևում են աշխատանքների ընթացքին, նրանք լիահույս են, որ ճանապարհի վերականգնումը նոր հնարավորություններ կստեղծի իրենց կենցաղն ավելի բարեկեցիկ դարձնելու համար։
«Ճանապարհը կառուցելուց հետո մեզ համար շատ հեշտ կլինի Վայքի, Եղեգնաձորի
հետ կապ հաստատելը: Շատ ուրախ ենք, որ մեծածավալ աշխատանքներ են տարվում»,-
նշել է գյուղի դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Հակոբյանը:
Վարորդներն էլ վստահ են, որ մեքենաների վրա ծախսը կնվազի:
Ներկայում 727 բնակիչ ունեցող Հերհեր համայնքում զարգացած է գյուղատնտեսությունն ու այգեգործությունը։ Հերհերը հայտնի է նաև իր միջնադարյան կառույցներով։ Այստեղ է գտնվում 8-րդ դարից հիշատակվող Սբ.Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից, Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ թվագրված 1282-1283թթ., Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը՝
1296թ., 8-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարեր։ Ավելի ուշ շրջանի կառույց է գյուղամիջի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Գյուղի հանդիպակաց լեռան հարավարևելյան գագաթին է գտնվում 13-14-րդ դարում կառուցված «Կապույտ» բերդը։
Հերհեր վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը վստահ է, որ նորոգված ճանապարհը կնպաստի, որ զբոսաշրջությունն այստեղ ավելի զարգանա։ Նրա խոսքով՝ նույնիսկ վատ ճանապարհով տարեկան մինչև 2500 զբոսաշրջիկ է այստեղ այցելում։
Բացի ասֆալտապահման աշխատանքներից՝ հիմնանորոգվող ճանապարհահատվածում նոր անձրևաընդունիչներ և բետոնե վաքեր կտեղադվեն, բազալտե եզրաքարերով կվերականգնվեն մայթերը, գաբիոնային շարվածքներ կիրականացվեն, կտեղադրվեն մետաղական արգելափակոցներ, կկատարվեն նշագծումներ:
2018թ. մարտի 23-ին մեկնարկած ճանապարհաշինական աշխատանքների ավարտը
նախատեսված է 2019թ. փետրվարին։
Հերհեր և Կարմրաշեն գյուղական համայնքների համար կենսական այս ճանապարհը
նաև ռազմավարական նշանակություն ունի։ Մ2 ավտոճանապարհի 144կմ-ից
մեկնարկելով՝ այն շրջանաձև միանում է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին։