Փաշինյան. Կանգնած ենք ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու անհրաժեշտության առաջ
«Գործադիր մարմնի անդամների բոլոր հնարավոր թեկնածուները կքննարկվեն ու կկայացվի որոշում: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմա մեր խնդիրը նորմալ, աշխատանքային մթնոլորտի ձևավորումն է, և բոլոր հարցերին մենք կմոտենանք հենց այդ տեսանկյունից»: Այս մասին կառավարության ձևավորման մասին հարցին ի պատասխան ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, եթե վաղը (ԱԺ-ում վարչապետի ընտրությունը-խմբ.) ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա հաջորդ հարցը լինելու է կառավարության ձևավորումն ու ծրագրի ներկայացումը:
«Երկրորդ քայլը պետք է լինի կառավարության ձևավորումը, որի համար սահմանված է 15-օրյա ժամկետ, որից հետո 20-օրյա ժամկետում պետք է տեղի ունենա կառավարության ծրագրի քննարկում»,-ասաց նա:
Անդրադառնալով մտահոգություններին, թե կառավարություն ձևավորելիս Փաշինյանը կանգնելու է կադրային խնդրի առաջ, Փաշինյանը բացառեց նման խնդրի առաջացումը: Նա նշեց, որ Հանրապետական խմբակցության հետ այս պահին քվեարկելու վերաբերյալ որևէ համաձայնություն չկա, տեղի է ունեցել նախնական աշխատանքային քննարկում, որի հիմնական նպատակը եղել է բուն հանդիպումն ու քննարկվելիք հարցերը:
«Այսօր կլինի հանդիպումը, որի ընթացքում կլինի համաձայնություն կամ չի լինի: Կանխատեսումներ անել պետք չէ, վերջին շրջանում համոզվել եք, որ ոչ բոլոր կանխատեսումներն են իրականանում: Կլինեն քննարկումներ ու կտեսնենք, թե դրանց արդյունքում ինչ է լինում: Ես խնդիրն այլ կերպ եմ դնում, ես ասում եմ, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային մթոնոլորտ, երկրում ստեղծել համերաշխության մթոնոլորտ, և ընդհանրապես փակել ներհայստանյան թշնամանքի էջը, պետք է բոլոր հարցերի քննարկման համար նորմալ պայմաններ ստեղծել »,-ասաց նա:
Լրագրողները Փաշինյանին հիշեցրեցին տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած քննադատությունները, հետաքրքրվեցին համագործակցության հնարավորության մասին:
«Մենք հիմա պետք է հասկանանք, որ կանգնած ենք ներքաղաքական ճգնաժամը
հանգուցալուծելու անհրաժեշտության առաջ: Մենք պետք է հանգուցալուծենք: Բոլոր այն խելամիտ քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն անել ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար, դրանք կարվեն: Դա չի նշանակում, որ ես հիմա խոսում եմ կոնկրետ սցենարի մասին: Քննարկումների արդյունքներով կկայացվեն որոշումներ: Վաղը կլինեն վարչապետի ընտրություններ, ես ասել եմ ու հույս ունեմ, որ այդ ընտրությունները պետք է լինեն առանց նախապայմանների, այսինքն դա է կարևորը աշխատանքային մթնոլորտի ձևավորվման համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին