Փորձագետ. Ադրբեջանում ցուցադրված անօդաչուներն ամենևին էլ նոր չեն
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ցուցադրվել են նոր տիպի անօդաչուներ։ Panorama.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանը սակայն թեմայի շուրջ նշել է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերում այդ անօդաչուներն ամենևին էլ նոր չեն և առկա են այդ մասին փաստական տեղեկություններ։
«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորավարժությունները լուսաբանող տարբեր տեսանյութեր են պարբերաբար հրապարակել, որտեղ երևում էին նաև այդ տիպի ԱԹՍ-ներից նկարված կադրեր, զենքի վաճառքին հետևող միջազգային կազմակերպությունների հաղորդումներ են եղել, արբանյակային լուսանկարներում այդ տիպի ԱԹՍ-ներին ձևով ու չափսերով նմանվող սարքեր են նկատվել»,- նշեց փորձագետը։
Հայկ Խաչիկյանի խոսքով՝ քանի որ առկա են իրար փոխլրացնող տվյալներ, ինչպես նաև տարբեր աղբյուրներից վկայություններ, ապա կարող են հիմնավոր ենթադրություններ անել Ադրբեջանում այդպիսի ԱԹՍ-ների արդեն իսկ առկայության մասին։
Հարին, թե ի՞նչ առավելություններ են տալիս Ադրբեջանին այդ սարքերը՝ Հայկ Խաչիկյանն ասաց.
«Նշված Hermes 450 և Hermes 900 անօդաչուները հետախուզական են և մեծացնում են Ադրբեջանի հետախուզական կարողությունները: Տեսականորեն դրանք հնարավորություն են տալիս հետախուզություն իրականացնել խորը թիկունքում: Բացի այդ, թեև դրանք ցուցադրվել են որպես սահմանապահների սպառազինություն, բայց չի բացառվում, որ դրանք օգտագործում է նաև բանակը: Այդպիսի ենթադրության համար ևս լուրջ հիմքեր ունենք»:
Հարցին էլ, թե ի՞նչ կարող է անել հայկական կողմն Ադրբեջան նման սպառազինության ներկրումը դադարեցնելու համար, փորձագետն ասաց.
«Կոնկրետ այս սարքերը իսրայելական են, այսինքն՝ սպառազինության մատակարարման չեղարկման համար պետք է ազդել Իսրայելի վրա: Հաշվի առնելով, որ իսրայելցիների համար սա առաջին հերթին բիզնես է, ապա դժվար եմ պատկերացնում, թե մենք ինչ հանդիպակաց առաջարկ կարող ենք անել իսրայելցիներին: Առավել ևս, որ միջազգային որևէ օրենքներ այդ գործարքներով չեն խախտում, ու մեր առաջ դաշնակցային որևէ պարտավորություններ էլ չունեն:
Ամեն դեպքում, այդ սարքերն արդեն Ադրբեջանում են, շահագործվում են և ավելի տրամաբանական կլինի աշխատել դրանց դեմ պայքարի միջոցների զարգացման ուղղությամբ։ Ինչն արդեն արվում է, օրինակ՝ լուրջ ուշադրություն է դարձվում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձերքբերման վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան