Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է
2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2 109.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին եռամսյակում ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է 0.2%-ով և կազմել 866.6 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 19.8%-ով՝ կազմելով 20 հազար հեգաջոուլ, հողմային էլեկտրակայանների կողմից էլ արտադրվել է 0.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ ավելացել են 8.7%-ով՝ կազմելով 461.3 մլն կՎտ ժամ։
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 780.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.8%-ով:
Նշենք նաև, որ այս տարվա հունվար-մարտին հանրապետությունում արևային էլեկտրակայաններն արտադրել են 0.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։