Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում սիգարետի արտադրությունը 47.8%-ով աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 47.8%-ով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2017 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել 5 մլն 221.4 հազար հատ սիգարետ, ապա 2018թ-ի հունվար-մարտին՝ 7 մլն 714.7 հազար հատ:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը: