Մենք էլի չենք փորձում գտնել ելքեր. Արամ Սարգսյան
Ընտրություններն են հիմնական խնդիր լուծողը, հիմնական հանգուցալուծումն ընտրությունների մեջ է։ Մայիսի 1-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ այս մասին նշեց «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը։
Նա մասնավորեցրեց՝ ընտրությունների ժամանակ է, որ մարդը տեսնում է՝ ինքն է իշխանության տերը, և իր քվեն ստացած իշխանավորը ծառայում է այդ մարդուն, այդ ժամանակ է, որ կողմերն ընդունում են՝ իրենք հաղթել ու պարտվել են արդար ընտրությունների պայմաններում, քաղաքական միտքն է զարգանում, իսկ աշխարհն ընդունում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է։
«Այս խնդիրների մասին պետք է մտածենք։ Մենք չենք խոսում այսօրվա իրավիճակից, մենք էլի չենք փորձում գտնել ելքեր, իրար հետ պարփակվել ենք դահլիճում, ուզում ենք ելքը գտնել դահլիճում, մոռանում ենք, որ ելք կա նաև փողոցում»,- ասաց նա։
Խոսելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին, Սարգսյանը նշեց, որ պատգամավորների հարցերին տրված պատասխաններն իրեն զարմացրել են։
«Եղբորիցս հետո որևէ վարչապետի, ներառյալ՝ իմ ծրագիր ներկայացնելու ժամանակ որևէ մեկի պատասխաններն էդքան հստակ, չափված-ձևված չեն եղել, ինչքան ձերը»,- Փաշինյանին դիմելով՝ ասաց նա։