ԱԺ հատուկ նիստը մեկնարկեց (լրացված)
12:40
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում նշեց, որ «Իմ քայլը» շարժումը դրամատիկ ու շրջադարձային կերպով փոխեց ներքաղաքական վիճակը Հայաստանում և ներկայացրեց շարժման հիմնական նպատակները։
«Այստեղ և հիմա չի լուծվում որևէ մեկի անձնական հարաբերությունների հարցը, այստեղ լուծվում է հազարամյա ցնցումներ ու տառապանք վերապրած հայ ժողովրդի ապագայի հարցը։ Այստեղ լուծվում է ՀՀ և ԼՂՀ հաղթական ապագայի հարցը, և հայ ժողովրդի հաղթանակին նպաստը բերելու համար ձեզնից չի պահանջվում ոչ մի զոհողություն, ձեզնից պահանջվում է անել ընդամենը մեկ գործողություն, կողմ քվեարկել ՀՀ վարչապետի ժողովրդական թեկնածունին և սրանով քանդել օտարվածության պատնեշը»,- ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։
Առաջիկա ծրագրերից խոսելով՝ Փաշինյանն անդրադարձավ աշնանը Երևանում կայանալիք ֆրանոֆոնիայի գագաթաժողովին. «Այն անկասկած կկազմակերպվի բաձր մակարդակով։ Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է ստանձնել միջազգային այս հեղինակավոր կազմակերության նախագահությունը»։
Նրա խոսքով՝ նոր լիցք պետք է հաղորդել նաև Արցախի միջազգային ճանաչման գործընթացին։
«Իսկ ներհայաստանյան կյանքին վերաբերող ամենակարևոր և ուժեղ ուղերձը արդարության և ազատության պահանջն է և մեր կառավարությունը մտադիր է լիարժեքորեն իրագորել այս պահանջը։ Բոլոր մարդիկ հավասար են լինելու օրենքի առաջ, և սա առաջին հերթին վերաբերվելու է վարչապետի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին»,- նշեց վարչապետի թեկնածուն։
«Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ, որևէ մեկի առաջ չի գործի որևէ բան ներկրելու արգելք, ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որևէ մեկին ճնշելով, հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքները հանելով և վերացնելով։
Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, հատկապես գյուղական համայնքներում տառապում են վարկային աներևակայելի բեռի տակ։ Բազմաթիվ վարկային կազմակերպություններ, օգտվելով մարդկանց չիմացությունից և նրանց նեղ վիճակից, աներևակայելի վարկային բեռ են դրալ քաղաքացիների վրա։ Մենք պիտի շուտափույթ լուծենք բոլոր վարկային տույժ տուգանքների հարցը և սա պետք է անենք այնպես, որ չտուժեն նաև բանկերն ու վարկային կազմակերպությունները»,- ներկայացրեց Փաշինյանը։
Ամփոփելով ելույթը՝ նա ասաց, որ «այս քննարկումն այն մասին չէ, թե ով ընտրվի վարչապետ, այլ՝ ով է կիսում սեփական ժողովրդի ցնծությունը»։
12:06
«ԱԺ կանոնակարգ ՀՀ Սահմանադրության օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, իրավունքի ուժով այսօր գումարվում է հատուկ նիստ՝ քվեարկելու ՀՀ վարչապետի ընտրության հարցը»,- այսօր ԱԺ հատուկ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Գրանցվեց 102 պատգամավոր, քվորումն ապահովվեց։
Նշենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն է։
«Սիրելի գործընկերներ, հորդորում եմ ձեզ, այսօրվա քննարկումների ժամանակ նույնպես զուսպ ու բարեկիրթ լինենք միմյանց հանդեպ։ Մենք կարող ենք և պարտավոր ենք քննարկումներն անցկացնել հանդուրժողականության մթնոլորտում, ինչպես ավանդաբար ընդունված է մեր ԱԺ-ում»,- հավելեց Բաբլոյանը։
Այնուհետև հաջորդեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ելույթը, ով հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում սատարելու մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն, իսկ ՀՀԿ-ն հայտարարել է չխոչընդոտելու մասին։
Պատգամավորը ներկայացրեց վարչապետի թեկնածուի կենսագրությունը։