ԱԻՆ աշխատանքի հիմնական խոչընդոտը փողոցները փակած դատարկ մեքենաներն են
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքը վերջին օրերին ևս շարունակվում է բնականոն հունով։ ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների որևէ կտրուկ ավելացում չեն ունեցել։
«Նախարարն իր նախորդ հարցազրույցներից մեկում նշել է, որ մենք, ինչպես և ոստիկանությունը, պարբերաբար կապ ենք ունենում շարժման, ցույցի ղեկավարների հետ, որպեսզի կարողանանք կանոնակարգել և ապահովել հանրային անվտանգությունը, այսինքն՝ կարողանանք ապահովել այն մեխանիզմները, որով ԱԻՆ-ը կկարողանա կանխել արտակարգ դեպքերի և իրավիճակների ստեղծման ռիսկերը, ինչպես նաև արձագանքել արդեն առկա որևէ արտակարգ դեպքի կամ իրավիճակի»,- ասաց նա։
Գնդոյանը հայտնեց, որ կոնկրետ այսօր հիմնականում ահազանգեր են եղել այն մասին, որ մարդիկ չեն կարողացել հիվանդանոց հասնել, օրինակ՝ դեպք է եղել, երբ հղի կինը չի կարողացել տաքսիով հասնել հիվանդանոց, սակայն երբ ԱԻՆ մարտական հաշվարկը դեպքի վայր է հասել, կնոջը նստեցրել է իր մեքենան, ցույցի մասնակիցները նախարարության՝ արտակարգ դեպքերը սպասարկող օպերատիվ մեքենայի համար ճանապարհը բացել են։
ԱԻՆ մամուլի խոսնակը նշեց, որ հիմնականում օպերատիվ դեպքեր սպասարկող նախարարության մեքենաների համար ճանապարհները բացվում են, սակայն այստեղ մեկ այլ դժվարություն կա՝ այն ճանապարհները, որոնք փակված են դատարկ մեքենաներով, այսինքն՝ վարորդները տեղում չեն, հետևապես չկա մարդ, որի հետ կարելի է բանակցել, որ ԱԻ սպասարկող մեքենան անցնի։ Գնդոյանը հայտնեց, որ իրենց համար ավելի շուտ այդ դատարկ մեքենաներն են խնդիր առաջացնում։
Հարցին՝ օրինակ հիվանդանոց հասցնելու խնդրանքին ինչպես են ահազանգում, օգնու՞մ են քաղաքացուն, Գնդոյանը հայտնեց, որ իրենց զանգում են այն հիվանդները, որոնց շտապօգնությունը չի տեղափոխում, օրինակ՝ դիալեզի կարիք ունեցող հիվանդները, որոնք իրենք են տեղափոխվում, տաքսիով չեն կարողանում տեղ հասնել։
«Իրենք երբ զանգում են մեզ, մենք կենցաղային կանչերը սպասարկող մարտական հաշվարկ ենք ուղարկում, որը մարդկանց տեղափոխում է հիվանդանոց։ Այս պարագայում միակ լուծումը դա է, քանի որ ԱԻՆ մեքենաների երթը չեն խոչընդոտում, բայց կրկին այն դեպքում, երբ չկան ցուցարար մարդիկ, կա բանակցային երկրորդ կողմը, որպեսզի ելքը ավտոմեքենայի համար բացվի»,- ասաց նա։
Գնդոյանը նաև տեղեկացրեց, որ այսօր դեռ կեղծ ահազանգեր չեն ունեցել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին