Ստամբուլի հայկական եկեղեցու վրա հարձակում կատարած անձը ազատ է արձակվել
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակում կատարած և բերման ենթարկված քաղաքացի Սերդար Ք․-ն պայմանականորեն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:
Ստամբուլի իրավապահ մարմինները հետաքննություն էին սկսել ապրիլի 30-ին Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքը աղբի կույտով փակած և պարիսպի վրա ռասիստական՝ «Այս հայրենիքը մերն է» արտահայտությունը գրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հարձակումն իրականացրած անձի ինքնությունը պարզվել է տարածքը տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությունից։
Նա դատախազությունում ցուցմունք տալու ժամանակ պարզաբանել է, թե որն է եղել իր այդ քայլի պատճառը։ Մասնավորապես ասել է․
«Ես մի քանի օր առաջ Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու առջև կախել էի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պաստառը։ Դրա կողքին դրել էի ծաղիկներ։ Հաջորդ օրը, երբ տեսա պաստառը հեռացվել է, շատ նյարդայնացա։ Ապրիլի 30-ին, չեմ հիշում ժամը քանիսին, եկեղեցու պատին այդ գրությունը թողեցի»։
Վերջինս նաև խոստովանել է, որ հարևանությամբ գտնվող աղբը բերել և լցրել է եկեղեցու դռան դիմաց։
Թեև գործի առնչությամբ հետաքննությունը ընթացքի մեջ է, այնուամենայնիվ, դատախազությունն ազատ է արձակել վերոնշյալ անձին` պայմանով, որ նա շաբաթվա ընթացքում 2 անգամ ներկայանա ոստիկանական բաժանմունք։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք նախարարը ափսոսանք է հայտնել հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման համար
- Հայկո Բաղդատ. Թուրքիայում միշտ էլ հարձակումներ լինում են հայկական եկեղեցիների դեմ
- Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան