Շիրակի մարզպետի հրաժեշտը. Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, դրամարկղում հերթ կանգնող մարդ
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր հրաժեշտի ասուլիս է անցկացրել լրատվամիջոցների հետ, մինչ լրագրողների հարցերին պատասխանելը մարզպետն հանդես է եկել հրաժեշտի ուղերձով:
«Տասնմեկ ամիս առաջ, երբ ես մարզպետ նշանակվեցի` հայտարեցի, որ ես Շիրակի մարզ «խոպան» չեմ եկել, եկել եմ, որ համատեղ աշխատանքով կարողանանք մարզի վրայից ջնջել «աղետի գոտի» պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը, ստեղծել աշխատատեղեր ու կանխել արտագաղթը: Ունեի երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու լուծելիք խնդիրներ: Ինչ որ բան հաջողվեց, ինչ որ բաներ` չհասցրեցինք»,-ասել է նա:
Խաչատրյանը թվարկել է, 30 տարիների փլատակ «Շիրակ» հյուրանոցը վերակառուցվում է, շուտով կավարտվի Տեքստիլագործների ակումբի վերանորոգումը, փորձագիտական գնահատման փուլին են հասել Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` Ամասիա և Սարապատ համայնքներում ոռոգման համակարգերի կառուցման ծրագրերը, Ախուրյանում կոմունալ սպասարկման տեխնիկայի ձեռքբերման ծրագրերը, համայնքային նշանակության մոտ մեկ տասնյակ ծրագիր դեռ քննարկման փուլում է, Մարզի մի քանի տասնյակ դպրոցներում թարմացվել է համակարգչային պարկը, ընթացքի մեջ է Շիրակի ազատ տնտեսական գոտու հիմնան ծրագիրը:
«Ամուր հիմքերի վրա ենք դրել մարզի զբոսաշրջության զարգացման գործընթացը: Ապրիլին մարզ պետք է այցելեին Հայաստանի առաջատար զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Լիահույս եմ, որ այդ այցը դեռ կկայանա: Ամռանը նախատեսել ենք մի քանի խոշոր միջոցառում, որոնք Շիրակը մեկընդմիշտ կդիրքավորեն, որպես զբոսաշրջային կենտրոն: Քննարկման փուլում է Արփի լճի շրջակայքում զբոսաշրջային կենտրոնի կառուցման ծրագիրը:
Տեղեկատվական տեխնոլոգիաները նույնպես միշտ գտնվել են ուշադրությանս կենտրոնում: Մարզում կազմակերպեցինք ՏՏ ոլորտին նվիրված աննախադեպ խորհրդաժողով: Մշտական քննարկումների և նոր լուծումների փնտրտուքի մեջ ենք եղել մարզի, հանրապետության և արտերկրի ՏՏ կենտրոնների հետ` կապված մարզի տնտեսության տարբեր ճյուղերում նոր տեխնոլոգիաների կիրառման արմատավորման խթանման հետ»,-նշել է հրաժարական ներկայացրած մարզպետը:
Դաշնակցական գործիչն ասել է, որ երկիրը թևակոխում է զարգացման նոր փուլ:
«Հաղթանակի արդյունքները պետք է փայփայել, չթողնել որ փոշիանան: Անցյալի սխալները պետք է սերտել` նոր սխալներից խուսափելու համար:
Հավատում եմ եմ մեր երկրի հզորացմանը, հավատում եմ Շիրակի մարզի ծաղկմանը:
Ես մի քանի օրից կվերադառնամ Երևան` հոգուս և մտքումս ընդմիշտ պահելով հարազատ դարձած իմ Շիրակը: Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութի դրամարկղում հերթ կանգնող ու երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճաններին զրուցող` պարզ մարդու»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակցության հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ. Արմեն Ռուստամյան
- Դաշնակցական նախարարներն ու մարզպետները հրաժարականի դիմումներն են ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան