Էմիլ Բաբայան. Չեմ հավատում մի գիշերում Սահմանադրությունն ու օրենքները լավացնելուն
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանին հիշեցրեց, որ բացի ՍԴ անդամի թեկնածու լինելուց, նա ընդգրկված է ՄԻԵԴ պահեստային դատավորների ցանկում: Նշեց, որ այս ցանկում ընդգրկվել է առանց դատավորների մրցույթի:
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց՝ Բաբայանը չի՞ կարծում, որ բացի մասնագիտական ունակություններից, գիտելիքներից, չափազանց են դատավորին ներհատուկ հատկանիշներ:
«Չե՞ք կարծում, որ ավելի համոզիչ կլիներ, եթե Աժ ներկայացված թեկնածությունն ընտրված լիներ մրցույթով, որպեսզի անկողմնակալ, անաչառ հանձնաժողովը կարողանար ընտրություն կատարել»,-հարցրեց պատգամավորը:
Բաբայանն արձագանքեց, այսօր սահմանված է, թե ինչ ընթացակարգով է ընտրվում ՍԴ դատավորը. «Իմ խորին համոզմամբ, ընթացակարգը բարդ է ու մրցակցային: Այսինքն, Սահմանադրությունում կան պահանջներ, որոնց համապատասխանելու դեպքում միայն կարող է անձը հավակնել այդ պաշտոնին: Բացի այդ, պատգամավորները թեկնածուին հավանություն են տալիս ձայների 3/5-ով, ինչը չափազանց բարձր շեմ է, դրանով կարծում եմ, ապահովված է ՍԴ անդամի պաշտոնում արժանի թեկնածու ընտրելը»:
Ինչ վերաբերում է մրցույթի կազմակերպմանը, ապա Բաբայանի խոսքով, ինքը խնդիր չի տեսնում, միայն թե այս պահին հայաստանյան օրենսդրությունը նման բան չի սահմանում:
«Ծառուկյան» դաշինքից Վարդան Բոստանջյանը թեկնածուին հարցրեց՝ ինչ է անելու սահմանադրականության մակարդակի բարձրացման համար:
«Ես այն իրավաբաններից եմ, որ մտածում եմ՝ Սահմանադրության ու օրենսդրության մեջ մենք ամենօրյա աշխատանքով ու ամեն պահի կայացված ճիշտ որոշումների շնորհիվ ենք կարողանում հասնել լավ արդյունքների: Մենք գիտենք, որ ժողովրդավարական համբավ ունեցող շատ պետություններ դարերի ընթացքում են հասել դրան: Ես չեմ հավատում Սահմանադրության և օրենքների մի գիշերվա մեջ լավացնելուն, փոփոխելուն, նորերն ընդունելուն ու դրանով ամեն ինչ կարգավորելուն»,-ասաց Բաբայանը:
Նրա կարծիքով, այդ արդյունքին կարելի է հասնել ԱԺ-ի, կառավարության, դատական համակարգի քաղաքացիների ամենօրյա աշխատանքի շնորհիվ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան