РБК․ Սոցցանցերը որպես Հայաստանում «թավշյա հեղափոխության» գործիք
Ռուսական РБК-ի փոխանցմամբ՝ Հայաստանում բողոքի ակցիաները կազմակերպելու և համակարգելու հիմնական գործիքներից մեկը եղել է «Facebook» սոցիալական ցանցը։
Գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Facebook» -ով դիմում էր նախևառաջ երիտասարդներին: Նշվում է, որ որոշ ժամանակ անց շարժմանը միացել են նաև Twitter-ի, Telegram-ի և Instagram-ի օգտատերերը: Հաղորդվում է, որ մինչև այդ առավել տարածված սոցցանցը Հայաստանում «Одноклассники»-ն էր, որի օգտատերերի զգալի մասը 40 տարեկանից մեծ է:
РБК-ն վկայակոչում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին, ով ուշադրություն է հրավիրում մի պարադոքսի վրա՝ Փաշինյանը համոզում էր մարդկանց online-ից գնալ offline՝ ցույցերին և երթերին համացանցով հետևելու փոխարեն դուրս գալ փողոցներ ու միանալ պայքարին:
«Նախկինում դա նման էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելուն․ մարդիկ տանը նստած հեռարձակումն էին նայում: Նախկին ակցիաներին համացանցով հետևել են հարյուր հազարավոր օգտատերեր, հիմա դիտում են տասնյակ հազարներ, քանի որ մեծ մասը գնում է փողոց, որ լսի բողոքի լիդերի խոսքը», - ասել է Մարտիրոսյանը:
«Այս հեղափոխության համար պետք է շնորհակալություն հայտնենք Մարկ Ցուկերբերգին, առանց Facebook-ի հաղթանակ չէր լինի», - РБК-ին փոխանցել է բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից հուշանվերների խանութների ցանցի սեփականատեր Մովսես Հովսեփյանը: