Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է արաբական երկրների դեսպանների
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել դիվանագետներին՝ իրենց երկրներում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, որը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը, այլ նաև զարգանալ և ակտիվորեն մասնակցել այդ երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքին:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: Դիվանագետները հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի Սահմանադրության և օրինականության շրջանակներում՝ կարևորելով Հանրապետության նախագահի ջանքերն այդ գործում:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։