«Մայր Հայաստան»-ի մոտ ներկայացվեց Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը
Հայրենական Մեծ պատերազմի 73-ամյակի կապակցությամբ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն Պաշտպանության նախարարությունը, Հայաստանի վետերանների միավորման ու Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ Հաղթանակ զբոսայգու տարածքում՝ «Մայր Հայաստան» թանգարանի մոտայսօր կազմակերպեց 89-րդ Թամանյան հայկական դիվիզիայի վարած մարտերից մեկի վերակերտումը:
Ներկայացվեց Հայրենական Մեծ պատերազմի մարտի փոքրիկ դրվագ, որի մասնակիցները կրում էին այդ ժամանակին բնորոշ զինվորական հագուստներ և զենքեր:
Միջոցառմանը մասնակցում էին Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, պետական և հասարակական գործիչներ, Երևանում գործող բուհերի և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, լրիվ անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։
Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943 թվականին 58-րդ բանակի կազմում՝ մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից 1944 թվականի ապրիլին Առանձին մերձծովյան բանակի կազմում աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։
Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։
Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Դիվիզիայի կազմում է հերոսացել Հունան Ավետիսյանը։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։