Շարունակվում է «Հրակայուն Երևան» ծրագրի իրականացումը
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ հասցե Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր առևտրաժամանցային կենտրոնի սրահի միջնամասում, միացել էր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարհանման, ինչպես նաև` հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կային արգելափակված մարդիկ:
Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Վարժանքի ընթացքում պարզվել է, որ առևտրաժամանցային կենտրոնն ունի բավական լավ հակահրդեհային ազդարարման և պաշտպանության համակարգ, տարհանման լայն ելքեր ու զինված է ժամանակակից տեխնոլոգիաներով: Այնուհանդերձ, հայտնաբերվեցին նաև որոշ թերություններ. մասնավորապես՝ առևտրի կենտրոնի անձնակազմը բավարար չափով չէր տիրապետում առաջին օգնության տրամադրման եղանակներին ու վարքականոններին: Կենտրոնի անվտանգության աշխտակիցները տեղեկացված չէին, որ հրդեհի դեպքում պետք է դիմավորել և ուղորդել հրշեջ մեքենաներին:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ը այլևս չի ապավինում հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում տնտեսվարողների բարեխղճությանը
- «Փեթակ» և «Երևան» տոնավաճառներում հակահրդեհային համակարգի խախտումներ են հայտնաբերվել
- Տնտեսվարողների բարեխղճության կանխավարկածը թույլ չի տալիս բարձրացնել հրդեհային անվտանգության մակարդակը. ԱԻՆ
- Հրդեհային անվտանգության թերություններ են հայտնաբերել «Երևան սիթի»-ում
- «Հրակայուն Երևան». ԱԻՆ-ը շարունակում է հակահրդեհային վարժանքները մայրաքաղաքում
- «Դալմա Գարդեն մոլ»-ում հակահրդեհային վարժանք է իրականացվել