Լարված իրավիճակ է Երևանի թիվ 11 դպրոցում
Այսօր առավոտից լարված իրավիճակ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում:
Աշակերտների մի մասը դպրոցի բակում պահանջում էին տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը: Միաժամանակ մի քանի աշակերտ ու մի ծնող փակել էին տնօրենի աշխատասենյակի դուռը՝ թույլ չտալով հանդիպել Ազիզյանի հետ:
Բողոքող աշակերտները նշում են, որ տնօրենը «տեռորի» է ենթարկել, սպառնացել աշխատանքից ազատել այն ուսուցիչներին, ովքեր թույլ են տվել աշակարտներին մասնակցել բողոքի ակցիաներին:
Դպրոց են եկել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը, ով նշեց, որ խնդրի մասին իրազեկելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀԿ ներկայացուցիչներ, լրագրողներ:
Տնօրեն Ռուզան Ազիզյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես բոլորի իրավունքները հարգում եմ: Ես ուղղակի զարմացած եմ այս իրավիճակից, ես իմ աշակերտին այդպես չեմ տեսել, չեմ տեսել, որ աշակերտն առանց ժպտալու ինձ բարևի, ինձ համար անսպասելի է այս իրավիճակը: Սա կազմակերպված է, ինչպես կազմակերպվեց մեր վարչապետի դեմ, այնպես էլ գալիս է դպրոցներում»:
Ազիզյանի խոսքով, բողոքի ակցիային մասնակցելու համար ուսուցչին աշխատանքից ազատելու մասին հայտարարությունները սուտ են:
Ինչ վերաբերում է դպրոցի դռները աշակերտների համար փակելուն, ապա տնօրենն ասաց՝ դա միշտ արվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան