էյչ-էս-Բի-Սի Բանկ. Գողացված գումարը վերադարձվել է
էյչ-էս-Բի-Սի Բանկը տեղեկացնում է, որ երեկ ավազակային հարձակման ենթարկված Կոմիտասի մասնաճյուղը իրադարձություններից ելնելով՝ կվերսկսի հաճախորդների սպասարկումը երկուշաբթի օրվանից՝ մայիսի 7-ից: Բանկի մնացած մասնաճյուղերը գործում են ըստ ստանդարտ աշխատանքային գրաֆիկի:
Նշվում է, որ ավազակային հարձակումն իրականացրած անձը բանկի հաճախորդ չի հանդիսանում: Հստակեցվում է, որ զոհված ու վիրավորված անձիք Բանկի աշխատակիցներ չեն, այլ անվտանգության ծառայություն մատուցող ընկերության և ոստիկանության աշխատողներ:
«Բանկն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում ավազակային հարձակման ժամանակ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված անվտանգության ծառայություն մատուցող ընկերության աշխատակցի և ոստիկանի ընտանիքներին ու հարազատներին: Բանկի աշխատակազմը նաև շուտափույթ ապաքինում է մաղթում անվտանգության ծառայություն մատուցող ընկերության՝ վիրավորում ստացած աշխատակցին:
Բանկը մեծապես գնահատում է նրանց անձնազոհությունը՝ աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար և շնորհակալություն է հայտնում նաև հոգացավ քաղաքացիներին իրենց օժանդակության համար:
Իրավապահ մարմինները վերահսկում են իրավիճակը և իրականացնում են քննչական գործողություններ: Բանկի աշխատակիցներ և հաճախորդներ չեն տուժել: Բանկին և հաճախորդներին որևէ ֆինանսական և նյութական վնաս չի հասցվել: Գողացված գումարը վերադարձվել է բանկ»,-տեղեկացնում են բանկից:
Հիշեցնենք, որ բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձը ոստիկանության գնդապետ է՝ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Դանիել Դանիելյանը: Ոստիկանության համակարգում է 1992 թվականից։
Հարձակման հետևանքով զոհվել է երկու անձ՝ հրազենային վիրավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված պարեկային ոստիկանն ու ոստիկանության ավագ ենթասպա:
Բժիշկները պայքարում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված բանկի անվտանգության աշխատակցի կյանքը փրկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բանկի վրա հարձակում գործածի գնդակից վիրավորված ոստիկանը մահացավ
- Բանկի վրա հարձակում գործածը ոստիկանության գնդապետ է
- HSBC բանկի վրա զինված հարձակման հետևանքով կա զոհ ու վիրավորներ
- Կրակոցներ HSBC բանկում