ABC.es. Հայ ժողովուրդը կարողացավ հաջողությամբ ավարտել իր պայքարն առանց բռնության դրսևորման
Իսպանական «ABC» օրաթերթի կայքը հոդված է հրապարակել Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունների մասին:
Նշվել է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նորից իր թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնի համար և այս անգամ, ամենայն հավանականությամբ, կընտրվի, քանի որ իշխող Հանրապետական կուսակցությունը համաձայնվել է աջակցել նրան:
Հոդվածագրի խոսքով՝ մայիսի 1-ին տեղի ունեցած ընտրություններից հետո հազարավոր ցուցարարներ դուրս եկան փողոցներ ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև երկրի այլ քաղաքներում: Ժողովուրդը կարողացավ հաջողությամբ ավարտել իր պայքարն առանց բռնության որևէ դրսևորման:
«Մայիսի 2-ի առավոտյան Երևանում տիրող մթնոլորտը տոն էր հիշեցնում: Քաղաքի ամեն անկյունում կարելի էր տեսնել ոգևորված երիտասարդների, ովքեր երգում էին, ազատության կոչեր անում, ծածանում ազգային դրոշը, խաղեր կազմակերպում, իսկ երեկոյան բոլոր փողոցներն արդեն բաց էին, և մարդիկ ուղևորվեցին Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքին»,- գրել է օրաթերթը:
Պարբերականը միաժամանակ նկատում է, որ հանրահավաքն այդ օրն ամենաբազմամարդն էր, սակայն այն անցավ խաղաղ մթնոլորտում, ոստիկանների կողմից միջամտության փորձեր չէին արվում, իսկ հաջորդ օրը երիտասարդ ցուցարարները սկսեցին մաքրել և կարգի բերել հրապարակը: