Լրագրողներ առանց սահմանների. «Թուրքիայում օրենքի գերակայությունը հանգչող հուշ է դարձել»
Աշխարհում մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության օրը, որը 1993 թվականին հռչակվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հետևելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր համաժողովի ընթացքում մշակված առաջարկություններին:
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը:
Զեկույցում հարևան Թուրքիան, մամուլի ազատության առումով, 180 երկրների շարքում զբաղեցրել է 157-րդ տեղը: Ընդ որում` նշվում է, որ ներկայումս Թուրքիայում մամուլի ազատությունը վերջին 30 տարվա կտրվածքով ամենավատ վիճակում է գտնվում:
«Լրագրողների ամենամեծ բանտը համարվող Թուրքիան այս տարվա դասակարգման մեջ նահանջել է ևս երկու հորիզոնականով: Մեծ թվով լրագրողներ, որոնք մեկ տարուց ավել առանց դատական վճռի գտնվում էին բանտերում, այս տարի մասսայաբար դատվեցին և մեղադրվեցին 2016 թ հուլիսի դեպքերի հետ առնչություն ունենալու մեջ: Գրեթե 2 տարի տևող արտակարգ դրության շնորհիվ բազմակարծությունը ամբողջությամբ վերացվել է, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծել երկրում սահմանադրական փոփոխություններ անելու և Էրդողանի իշխանության պահմպանման համար: Այլևս այս երկրում օրենքի գերակայությունը հանգչող հուշ է դարձել: Եվ այն փաստը, որ 2018 թվականի հունվար ամսին Սահմանադրական դատարանը որոշեց ազատ արձակել ձերբակալված 2 լրագրողի, սակայն այդ որոշումը այդպես էլ կյանքի չկոչվեց, տալիս է իրավիճակի ամփոփիչ գնահատականը»,-ասվում է զեկույցում: